ՀՀ կառավարությունն այսօր հավանություն կտա 2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշման նախագիծն ընդգրկված է կառաավրության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Դրանից հետո միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև երկկողմ ռազմական համագործակցությունը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը: Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք կստեղծի ռազմատեխնիկական ոլորտում Կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և խորացման համար: Դրա վավերացմամբ Կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում։