Հետևեք մեզ։

Իմացա, որ Էրիկը փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից. ՀԲՖ նախագահը՝ Իսրայելյանի մասին

11:09, 30 մարտ 2023
Իմացա, որ Էրիկը փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից. ՀԲՖ նախագահը՝ Իսրայելյանի մասին
 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի հաղթող Էրիկ Իսրայելյանի շուրջ ստեղծված իրավիճակին. գրում է Armsport.am-ը։

Հովսեփյանը ցավով ընդգծել է՝ Իսրայելյանը մանիպուլիացիոն գործողություններով փող մուրալու գործընթաց է իրականացնում:

«Անձամբ ես և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Էրիկի համար շատ բան ենք արել, այդ թվում և Եվրոպայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալու համար, ու եթե ինքն ու իր անձնական մարզիչը դրա մասին չեն բարձրաձայնում ու իրենց չեմպիոն դառնալը դրոշակ դարձրած միայն պահանջներ են ներկայացնում, դա ստորություն է: Ընդ որում Էրիկ Իսրայելյանը չեմպիոն դառնալուց հետո ինձ դիմել է ընտանեկան հարցերով օգնության համար, և ես տվել եմ այդ օգնությունը, հետո պարզել եմ, որ նա նման խնդրանքներով դիմել է նաև իմ ընկերներին ու մեր որոշ տիտղոսակիր մարզիկներին: Նա իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում»,- մանրամասնել է Հովսեփյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ ինքը Եվրոպայի առաջնությունից հետո ցանկացել է նրա հետ խոսել, բայց իմացել է, որ մարզիկն իր կարիքները հոգալու համար փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից.

«Մինչդեռ Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ մեր թիմը ոչնչի կարիք չի ունեցել, այդ թվում հավելյալ սննդի, անգամ՝ դեղորայքի: Այս և այլ բացասական երևույթներն իմանալով՝ ես չցանկացա խոսել ՝ համարելով դա անիմաստ: Նա պարզապես անուղղելի կերպար է, և փորձում է շանտաժ ու մանիպուլացիա անելով փող մուրալ և անհեթեթ պահանջներ ներկայացնել: Նա նշում է, որ կհրաժարվի Հայաստանը ներկայացնել, եթե իրեն փող չտան: Կարծում եմ՝ ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը իսկապես սիրող հայ նման հայտարարություն չէր անի»,- ընդգծել է Հովսեփյանը:

Ֆեդերացիայի նախագահը նաև շեշտել է՝ շատ ավելի տիտղոսակիր մարզիկներ երբևէ իրենց թույլ չեն տվել նման պահանջատիրական հայտարարություններ անել.

«Փոխարենը նրանք աչքի են ընկել համեստությամբ, որը գնահատվել է, և նրանք իրենց արժանի պարգևները ստացել են: Վստահեցնում եմ, որ, անկախ ամեն ինչից, ֆեդերացիան Էրիկ Իսրայելյանի համար ավելին է արել քան պետք էր: Դրա մասին գիտեն նաև բռնցքամարտի աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ»,- եզրափակել է Հովհաննես Հովսեփյանը: