Հետևեք մեզ։

3 մլն դոլար կաշառքի մեղադրանքը Քոչարյանը չվիճարկեց. ի՞նչ օպերացիա է իրականացնում նա

17:42, 29 դեկտեմբեր 2023
3 մլն դոլար կաշառքի մեղադրանքը Քոչարյանը չվիճարկեց. ի՞նչ օպերացիա է իրականացնում նա

Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ այս հարցին գրեթե նույն կերպ կպատասխանի, ինչպես ժամանակին պատասխանեց ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Նա միևնույն է, Աստծուց պատասխան կպահանջի, թե ինչո՞ւ է իրեն այդքան փորձությունների ենթարկել: Բայց ընդհանրապես, երևի ավելի ճիշտ կլիներ մեղա գալ, մանավանդ հիմա…

 

 

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը խոշոր կաշառքի գործով նախօրեին դադարեցվեց վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, այսինքն՝ ոչ արդարացնող հիմքով: Եթե պարզ ասենք, ապա Ռոբերտ Քոչարյանը չի առարկել, որ երեք միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքը չքննվի, համաձայնել է, որ այն չքննվի: Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, չի առարկել իրեն առաջադրված ու ցանկացած պաշտոնյայի, հատկապես՝ երկրի նախագահի համար ամենաանվանարկող, ամենապատվազրկող մեղադրանքի դեմ։

 

Վստահ ենք, որ Ռոբերտ Քոչարյանին` ինչ-ինչ շահերից ելնող շրջապատողները, եթե, իհարկե, նա դեռ այդպիսիք ունի, աղմուկ կհանեն ու կբացատրեն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ ու վաղեմության ժամկետների հիմքի հետ համաձայնվելը չի նշանակում որ նա ընդունել է մեղքը: Մենք էլ, իհարկե, կընդունենք այդ բառախաղն ու կասենք, որ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը չենք խախտում: Բայց դա իրականում ընդամենը բառախաղ է, որքան էլ ոմանք հիմա էլ դրա մասին յուրաքանչյուր երեքշաբթի մի քանի ժամ հոգնեցնող ելույթներ ունենան։

 

Իսկ իրականությունն այն է, որ Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով հանել իր մեղադրանքն այն մասին, որ ինքը 3 մլն դոլար կաշառք է ստացել, նա չի ցանկացել արդարացվել դրանում, չի ցանկացել գնալ մինչև վերջ ու բոլորին ցույց տալ, որ իրեն՝ իր պնդմամբ Հայաստանը միայն զարգացրած նախագահին, ապօրինաբար են նման պատվազրկող մեղադրանք ներկայացրել:

 

Բայց անմեղության կամ արդեն անիմաստ մի քանի այլ բաների մասին ելույթների փոխարեն Քոչարյանը և այդ կարծիքները պնդողները ճիշտ կանեն հերթական մամուլի ասուլիսը հրավիրեն ու պատասխանեն մի քանի բարդ հարցի:

 

Նրանք նախ պետք է բացատրեն, թե ինչ 3 մլն դոլար կաշառքի մեղադրանք որոշեցին չվիճարկել ու պարզաբանեն, թե արդյո՞ք Հայատանի Հանրապետության քաղաքացին, հոգու խորքում չի կարող վստահ լինել, որ Քոչարյանի մեղադրանքը ճիշտ էր ու նա 3 մլն դոլար կաշառք էր ստացել ավելին, եթե ստացել է ուրեմն դա միակ դեպքը չէ։ Իսկ քաղաքացին իրականում կարող է այդպես մտածել, որովհետև գործի այսպիսի կարճման հետ Հայաստանի 10 տարվա նախագահի համաձայնելը հավասար է մեղքն ընդունելուն, եթե հաշվի առնենք, որ նա որպես ամենաիմաստուն, ինչպես ինքն էր պնդում, քաջ գիտակցում է, թե դա ինչ ազդեցություն կունենա իր հեղինակության վրա։ Պարզ ասած՝ քանի որ արդարացվելը Քոչարյանի համար միայն չդատապարտվելու համար չէ որ պետք էր, իսկ նա հրաժարվել է իր հեղինակությունը փրկելուց, ուրեմն քաղաքացին մտածել կարող է ամեն ինչ։

 

Ի դեպ, ճիշտ կլինի, որ ասուլիսին միանան բոլոր նրանք, ովքեր շարունակ սրբացրել են Քոչարյանին։ Լավ կլիներ ասուլիսին տեսնել նաև Քոչարյանի կաշառքի գործին որպես «Սիլվայի գործ» վերաբերվողներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց աչքով տեսնելով 2003 թվականին փողոցում բռնություններն ու ապօրինի կալանքները, միացան Քոչարյանին ու հայտարարեցին, որ նրա ժամանակ միայն ու միայն օրինականություն էր։

 

Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել և ունենում։ Տեղի է ունենում այն, ինչի մասին գրել էինք որոշ ժամանակ առաջ՝ Քոչարյանը շարունակում է իր այնպիսի գոյությունը, որը պետք է Նիկոլ Փաշինյանին։ Հրաժարվելով կաշառակերության մեղադրանքը վիճարկելուց, Քոչարյանը կրկին հաստատեց, որ իրականացնում է «ընդդիմադիր խաղ՝ չպատժվելու դիմաց» օպերացիան ու ևս մի անգամ բացատրեց, թե ինչպես սահմանադրական դատարանը հանկարծակի ու անսպասելի հակասահմանադրական ճանաչեց նրան մեղսագրվող հոդվածներից մեկը։ Իսկ դա արեց հենց Փաշինյանի սահմանադրական դատարանը և Փաշինյանը, ով մինչ այդ Քոչարյանի գործով որոշումները լսելով փողոցներ էր փակում, բավականին գոհ էր դրանից։

Բայց, թեև ամեն ինչ պարզ է ու հասկանալի և ՀՀ քաղաքացուն այլևս ավելի չես հիասթափեցնի, հետաքրքիր կլիներ տեսնել ու լսել Ռոբերտ Քոչարյանին ու կողմնակիցներին, բարեկամներին ու հարց տալ, թե ինչպես է ստացվում այդքան «անկեղծ» զարմանալ մի մեղադրանքի վրա, որը մի օր չես վիճարկելու․․․