2023 թվականի մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ» վերտառությամբ հոդված:Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Նարեկ Սարգսյանի դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ կարգադրությունը Քրեակատարողական ծառայությունում ստացվել է 2022 թվականի հուլիսի 19-ին:Համաձայն դատավճռի՝ Նարեկ Սարգսյանը կատարել է ծանր հանցանք, դատապարտվել է 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման, ռեցիդիվ չի ունեցել:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանր հանցանքների կատարման համար 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված, հանցագործությունների ռեցիդիվ չունեցող անձինք պատիժ են կրում միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պատժի կրման համար քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ ընտրելով դատապարտյալի նախկին մշտական կամ մերձավոր ազգականների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ: Նկատի ունենալով, որ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատժի կրման օրենքով սահմանված պայմաններն առկա են միայն ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Նարեկ Սարգսյանը նախկինում մշտական բնակվել է Երևան քաղաքում, Հանձնաժողովը վերջինիս պատժի կատարումը նշանակել է նրա բնակության վայրին հնարավորինս մոտ՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 5-ին: