Հետևեք մեզ։

Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել. Թոմաս դը Վաալ. «Ազատություն»

12:14, 08 հունվար 2024
Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել. Թոմաս դը Վաալ. «Ազատություն»

2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, համոզված է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։

«Ազատության» հետ զրույցում Վաալն ընդգծեց՝Հայաստանը առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ:

Հարցազրույցի մի հատվածը՝ ստորև.

Հրայր Թամրազյան․ - Ի՞նչ եք կարծում, դա միտումնավոր անտարբերությո՞ւն էր, արդյո՞ք նրանք իրենց լռությամբ փաստացի անցան Ադրբեջանի կողմը ու նույնիսկ ինչ-որ չափով օգնում էին Ադրբեջանին։ Օրինակ, երբ ադրբեջանցիները վերջին անգամ հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա՝ ստիպելով նրա հայ բնակչությանը հեռանալ, մենք գյուղերից հաղորդումներ էինք ստանում, որ սկզբում ռուսները գալիս էին ու փորձում համոզել հայերին վայր դնել զենքերը և պարզապես փախչել դեպի Հայաստան։ Սրանք վկայություններ են ու սրանք մեկ-երկու վկայություններ չեն, իրականում դրանցից շատ կա։ Եվ դա ինձ ստիպում է եզրակացնել, որ Ռուսաստանն իսկապես օգնում էր ադրբեջանցիներին՝ գրավել Լեռնային Ղարաբաղը: Արդյո՞ք այդպես էր։ Ի՞նչ եք կարծում։

Թոմ դե Վաալ․ - Ակնհայտ է, որ մենք շատ տեղեկություններ չունենք։ Սա անշուշտ մի մասն է բարձր մակարդակի զրույցների՝ նախագահներ Ալիևի և Պուտինի միջև, ովքեր, իհարկե, միմյանց շատ լավ ճանաչում են արդեն 20 տարի: Կարծում եմ՝ մենք նույնը քննարկել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրադարձությունների համատեքստում։ Արդյո՞ք Ռուսաստանը թույլ էր տալիս, որ դա տեղի ունենա, թե՞ Ռուսաստանը չափազանց թույլ էր: Ենթադրում եմ, որ դա երկուսի համադրությունն է: Ռուսաստանը շատ ավելի թույլ է, Ադրբեջանը օգտագործում էր դա։ Բայց, վստահաբար, կարծում եմ, որ Ռուսաստանը հաստատ կարող էր կանխատեսել այդ ծավալի օպերացիան, այդ մասշտաբի գործողությունը, նրանք կարող էին տեսնել դրան նախորդող ռազմական նախապատրաստությունը։ Նրանք ունեին իրենց տեղեկությունը, ունեին իրենց աղբյուրները, և ոչինչ չձեռնարկեցին՝ դա կանխելու համար։ Այնպես որ, ինչ-որ առումով ես սա դիտարկում եմ որպես Մոսկվայի կողմից ոչինչ չանելու միտումնավոր որոշում: Կարծում եմ, որ ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել։ Իհարկե, կան մարդիկ, որ զոհվել են ճանապարհին, սակայն ադրբեջանական կողմից բռնություն չի եղել։ Նրանք նպաստեցին նրան, որ Ղարաբաղից հայերի զանգվածային ելքը լինի խաղաղ։ Բայց դրանից զատ, այո՛, թույլ տվեցին, որ դա տեղի ունենա։ Իսկ Բաքվի և Մոսկվայի միջև, անշուշտ, շատ կապեր կան: