Հետևեք մեզ։

Ո՞րն է ձեր օրակարգը տոնածառից ու ցնցուղից անդին

01:47, 12 հունվար 2024
Ո՞րն է ձեր օրակարգը տոնածառից ու ցնցուղից անդին

Հասարակությանն անտարբերության մեջ մեղադրելն անքննելիորեն քաղաքական էլիտաների թուլության նշանն է, հասարակությունները մեղավոր չեն, և դա աքսիոմա է, բացի այդ, մարդիկ սովորություն ունեն հիշել այն, ինչն իրենց խաբում են։ Եթե անգամ հակադարձելու համար վկայակոչեք ԱԺ վերջին ընտրությունները, ապա այստեղ ևս ՀՀ ընտրողների մեծամասությունը՝ 50,6 տոկոսն, ընտրություններին չի մասնակցել։

Առնվազն վերջին հինգ տարում անհաշվելի նախաձեռնություններ, տարբեր անուններով ու գրեթե միշտ նույն դեմքերից կազմված կոմիտեներ, փրկօղակներ և այլ անուններ կրող, ու միևնույն նպատակն ու շահը հետապնդող միավորումներ են ստեղծվել,  ի սկզբանե իմանալով, թե ինչպես է ավարտվելու փողոցի պայքարը։

Նախ, Հայաստանում կարևորը որևէ միավորում ստեղծելը չէ, կար
ևորն անհատն է, ում հետևից կամ գնում են, կամ՝ ոչ, իսկ ընդդիմությունը որոշ փուլերում անհատին, առաջնորդին թաքցրել է, որ ցույցը միանգամից չցրվի։  

Մեկ այլ դեպքում, որքան էլ անձի շուրջ հավաքված լինեն, օրինակ, ազնիվ մարդիկ, այն անձը, ում շուրջը հավաքվել են, խանգարում է հասարակությանը հավատալ նրա կողքի մարդու ազնվությանը և դուրս գալ փողոց։

Սա հետևանքն է այն բանի, որ կառավարման և իշխանության համակարգի համապարփակ ուսումնասիրության, քաղաքական գործունեությունների, քաղաքական մտքերի, քաղաքական վարքագծի և դրա հետ կապված հարցերի ու անգամ օրենքների ուսումնասիրության պակաս կա, քաղաքականության պակաս կա Հայաստանում, որովհետև բոլորը, մտածում են՝ դե հիմա ով է հիշում, ով է հասկանում, ով է ստուգելու․․․, չէ, բայց այդպես չէ։ Ինչպես քաղաքական գործիչների դեպքում է հայտարարությունը տարբերվում գործողությունից, այնպես էլ ներքաղաքկաան կյանքում է․
Հայաստանում խնդիրներն անգամ թվարկելն անհնար է, բայց գործընթաց չկա։ Արցախ, արցախցիներ, գերիներ, ղեկավար կազմ Բաքվի բանտերում․ քաղաքական պահանջ չկա, օրինակ, երբ է ընդդիմությունն այդ հարցով որևէ քննարկում արել, պահանջներ ներկայացրել, օրինակ, Եղիշե Կիրակոսյանին։

Երեկ, Ալիևը նկատի ունենալով Բաքվում գտնվող Արցախի նախկին ու ներկա ղեկավար կազմին, ասում էր՝ արդար է, նրանք «Խոջալուի ցեղասպաննությունն են գործել» իբր, կանգնելու են արդարադատության առաջ։ Ի՞նչ և ո՞վ արձագանքեց Հայաստանից, ումի՞ց ի՞նչ պահանջվեց, ո՞ր մի միջազգային կառույցին դիմեցին, գտնո՞ւմ են, թե՞ ոչ լծակներ ազդելու Ալիևի որոշման վրա, կապեր հաստատելու մարդկանց հետ, ովքեր կարող են այդ հարցում ուղիղ բանակցել Ալիևի հետ․․․ իսկ ցնցուղի մասին քանի գրառում ունե՞ք․․․

Հետևաբար, որքան էլ հաճելի չէ, հաստատ դժվար էլ է բարձրաձայնելը, բայց  որքան էլ պտտվում ենք, գալիս ու կանգնում ենք այն կետին, որ Արցախը «լավ թեմա» էր ցույցեր նախաձեռնող ընդդիմության համար․ հարմար էր ակցիաները, ելույթները, նախընտրական խոստումները, գրառումները կապել Արցախը փրկելու կամ հանուն Արցախի հետ, անգամ ելույթները թարմացնելու կարիք չկար՝ 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին նույն տեքստը, նույն կոչերը, նույն տուն ճանապարհելը, հետո մեղադրելը, որ բավարար քանակի մարդ չի գալիս քաղաքական առաջարկի բացակայությանը մասնակցելու։

Հանուն արդարության նշենք, որ կան ընդդիմադիրներ, որոնց քաղաքական գիծը սկզբունքային է, բայց նրանք քաղաքական օրակարգ թելադրողը չեն, իսկ օրակարգ թելադրողն ասում է՝ վեց ամիս ժամանակ ունենք, և դրանից հետո անհետանում է։

Փաշինյանը գնում է դպրոցներ, ցնցուղներ է ստուգում, կախիչներ է հաշվում, քայլում է ջրի մեջ, մարզպետ է ազատում, սանիկին է նշանակում, լավ է, թե վատ իր օրակարգն է, իսկ ո՞րն է ընդդիմության օրակարգը, ի՞նչ է անում ընդդիմությունը, որ Փաշինյանը մարզային այցի ժամանակ մարզիչի սենյակի 18 կախիչը հաշվելու ժամանակ չունենա։

Դա Փաշինյանի օրակարգն է, դպրոցում ցան
ցի որակը համարել սպորտի զարգացմանը խոչընդոտ և Երևանում վաճառել Երևանի ամենահին սպորտային համալիրը, ցնցուցի մեջ կոռուպցիա որոնել, իսկ այս նույն «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը շուկայականից մեկ միլիարդ դրամով էժան վաճառելու մեջ կոռուպցիա չտեսնելն իր օրակարգն է, իսկ ո՞րն է ձերը, իսկ ի՞նչ է արվում, որ դա չլինի Փաշինյանի օրակարգը։


Արցախի կորստյան տարին ավարտվեց տոնածառի լույ
սի քննարկումներով և Կաթողիկոսի ուղերձը եթեր չհեռարձակելու մասին պաթոսախեղդ գրառումներով, իսկ 2024-ը սկսվել է  ցնցուղով ու չի ավարտվում, բայց դրան անդրադառնալու, քննադատելու, անգամ հումորներ անելու համար պետք չէ ընդդիմադիր հռչակվել, դա շատերն են անում։ Իսկ եթե Փաշինյանը դրանք չաներ, ուրեմն՝ ո՞րն է ձեր թեման, ու՞ր է արարը։ Երկու զինվոր է սպանվել բանակում, արձանագրեցինք ու անցանք առաջ, 15 զինվոր էլ մեկ տարի առաջ վառվեց, արձանագրեցինք, իշխանությունն ինքն իր կամքով մի երկուսին ազատեց պաշտոններից ու անցանք առաջ։


Հայաստանում քաղաքական օրակարգ չկա, դա թելադրում է Փաշինյանը և «զբաղեցնում»։ Երբեմն խոսել կամ հիշեցնել, որ իշխանափոխությունն օրակարգում է, դա գործողություն չէ, ազնիվ չէ։ Այդպես կարելի է ասել ևս երկու տարի և պատրաստվել ընտրություններին, խոստանալ, որ կհաղթես, շահես ինչ-որ մի քանի բան, ու էլի նույն պտույտը։ 

Իշխանափոխության մասին գրառումները նաև ապահովության համար են, որ որևէ լրագրողի՝ իշխանափոխության մասին հարցին պատասխանելիս, որպես գործողություն վկայակոչեն ֆեյսբուքյան գրառումները։ Իսկ եթե սոցցանցերը փակենք, ու դուրս գանք, ի՞նչ կտեսնենք, ի՞նչ է արվում։ Պատգամավորներ, որոնք այցելում են սահման, զարմանալի չէ, այդ նույն քիչ քանակի մարդիկ սահմաններ այցելում էին, երբ պատգամավոր չէին։

Վերջերս, Կառավարության նիստերից մեկում Փաշինյանն իր կաբինետի անդամներին ասաց՝ հարց լուծող է պետք, խնդիր բարձրացնող շատ կա, մտեք սոցիալական ցանցեր, հազար խնդիր են բարձրացնում, բայց հո մենք իրենց աշխատավարձ չե՞նք տալիս։

Նույնն առնչվում է ընդդիմությանը, ավելի սուր գրառումներ անողներ էլ կան, բայց ո՞րն է ձեր օրակագը, արձագանքել Փաշինյանի օրակարգի՞ն․․․ դա անողներ շատ կան, բայց հո նրանց մանդատ չեն տվել․․․

 

Վերլուծական