ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է ապակայունանալու լուրջ ռիսկեր պարունակել։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ կազմակերպության քարտուղարության և Միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում։
«Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը՝ խոսելով նաև Կենտրոնական Ասիայում առկա խնդիրների, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքների ու մարտահրավերների մասին։
«Թվարկված ճգնաժամային իրավիճակների կարգավորումը բարդանում է անվտանգության ոլորտում միջազգային պայմանագրերի համակարգի փաստացի քայքայմամբ, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների վրա գործադրվող ուժեղ պատժամիջոցներով և քարոզչական ճնշումներով։ Այնուամենայնիվ, մարտահրավերների բնույթը պահանջում է անդամ երկրների կողմից համակարգված միջոցներ՝ ուղղված կազմակերպության պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան էր ժամանել մարտին, նա եղել է Ջերմուկում, զինվորականները նրան ուղեկցել են այն վայրերը, որոնք Ադրբեջանը ռմբակոծել էր սեպտեմբերյան հարձակման ժամանակ։