Հետևեք մեզ։

Աղջիկ ջան, եթե դու կրթություն չունես, չես ճանաչում, դա քո պրոբլեմն է, ամոթ է․ ամեն ինչ փչացրին, քանդեցին, Օպերան էլ քանդեք, տվեք․ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը՝ փոխնախարարի և կոչումների մասին

18:48, 15 հունվար 2024
Աղջիկ ջան, եթե դու կրթություն չունես, չես ճանաչում, դա քո պրոբլեմն է, ամոթ է․ ամեն ինչ փչացրին, քանդեցին, Օպերան էլ քանդեք, տվեք․ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը՝  փոխնախարարի և կոչումների մասին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները ԱԺ-ում ներկայացնելով, թվարկեց մի քանի հայտնի անուններ, և նշեց, որ ամենայն հարգանքով, բայց այդ մարդիկ ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում ունեն, բայց որևէ մեկը չի ճանաչում։ Ի թիվս այլ անունների, փոխնախարարը ներկայացրեց նաև Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006), Հայաստանի ժողովրդական նկարիչ (2006) թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ Փարավոն Միրզոյանին, ում աշխատանքները գտնվում են Հայաստանի, ՌԴ, Ուկրաինայի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում․ «Ամենայն հարգանքով, բայց որևէ մեկս ճանաչո՞ւմ ենք», -ասաց փոխնախարարը։

Այս առնչությամբ Hayastan.news-ը զրուցել է Փարավոն Միրզոյանի հետ;

Փոխնախարարի դիրքորոշման մասին տեղեկանալուց հետո, Փարավոն Միրզոյանն ասաց․ «Եթե ինքը չի ճանաչում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ես տաքսի եմ նստում՝ ճանաչում են, փողոցում՝ ճանաչում են, ես 250-ից ավելի ուսանող ունեմ, որ ճանաչում են, միջազգային ցուցահանդեսներին ճանաչում են, ես 1975 թվականից դասավանդում եմ և այլն։ Այդ ընկերուհին, կամ տիկինը, որ չի ճանաչում, դա իր պրոբլեմն է։ Մենք կոչումներ պետք է ունենանք, որովհետև դա պետության համար անհրաժեշտություն է»։

Դիտարկմանը, թե որպես տեսակետ է հնչեցվում, որ կոչումները շնորհվում են որոշակի ծառայությունների դիմաց, Փարավոն Միրզոյանն ասաց, որ այդպես էլ է լինում, կան կոչումներ, որոնց հետ ինքը ևս համամիտ չէ, բայց այդ խնդիրը պետք է լուծել, ոչ թե վերացնել կոչումները։
 

Անդրադառնալով ժողովրդական կամ վաստակավոր արտիստների ոչ հայտնի լինելուն, Փարավոն Միրզոյանն ասաց, որ եթե այդպես է, դա ևս պետության խնդիրն է․ «Այդ տիկնոջը պետք է ասել, որ եթե չեն ճանաչում դրա մեղավորությունը պետությանն է, որովհետև իր գործիչներին համապատասխան չի ներկայացանում։ Որ պետությունը չի ներկայացնում, ապա ինչպե՞ս ճանաչեն մշակույթը, գործչին։ Մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ երկար տարիներ, մշակութային ծրագիր չունի, ոչ թե մշակութային, թեկուզ քաղաքական ծրագիր չունի։ Ես ոչինչ չեմ տեսնում այսօր, օրինակ ժողովրդի մասին մտածող կառավարություն, հետո մշակույթի մասին մտածող, չկա։ Առաջարկ կար երկու-երեք տարի առաջ, երբ նախարարը այն  աղջիկն էր, Մակունցը, որ իմ ցուցահանդեսը տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում։ Պետությունը ոչնչով չաջակցեց։ Ես ամաչում եմ այս ամենի համար, ամեն ինչ փչացրին, քանդեք, Ազգային պատկերասրահն էլ քանդեք, Օպերան էլ, դա էլ տվեք թուրքին, հանգստացեք։ Հայաստանը բարձր մակարդակի մշակույթ ունի, ինչպե՞ս կարելի է  ԱԺ-ում նման բան խոսել, ինչպես, ԱԺ նախագահն, օրինակ չի հարցրել՝ ի՞նչ եք խոսում»։

 

Ըստ Միրզոյանի մեծություններ կան, որոնք արժանի են կոչումների, ոչ արժանիները թող չստանան, և որպես մեծություն նշեց հայ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին։
 

«Ասա՝ աղջիկ ջան, եթե դու կրթություն չունես, չես ճանաչում, դա քո պրոբլեմն է, էդ մարդիկ մի ամբողջ կյանք են դրել իրենց գործի մեջ․․․   ամոթ է, պետք է ամաչի։  Սրանք մեկը մյուսից տեղյակ չեն,  իրենք միայն իրենց ցույց են տալիս, նշանակվում են ոչ պրոֆեսիոնալներ, դրա համար այսպիսի թեմաներ են քննարկում այսօր։ Մենք երկրում ավելի ցավալի թեմաներ ունենք քննարկելու, ես իրոք ամաչում եմ իրենց փոխարեն։ Նախագիծ ներկայացնող, դու եղե՞լ ես որևէ նկարչի արվեստանոցում։ Նրանք թատրոն էլ չեն գնում, կարող է հրավիրեն անվճար գնան, նստեն, դուրս գան ասեն՝ թատրոն էին հրավիրել»,-եզրափակեց Փարավոն Միրզոյանը։