Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում Վլադիմիր Պուտինին անվանել է «գիշատիչ, որը չի բավարարվում սառեցված սննդով»։
Խոսելով Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու անթույլատրելիության մասին՝ նա օրինակ է բերել Դոնբասում տեղի ունեցած մարտերը։
Զելենսկին հիշեցրել է, որ «2014 թվականից հետո Դոնբասում պատերազմը սառեցնելու փորձեր եղան։ Կային շատ ու շատ ազդեցիկ երաշխավորներ, ինչպիսիք էին Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը։ Բայց Պուտինը գիշատիչ է, որը չի կշտանում սառեցված սննդով»։
BBC-ն գրում է, որ Ուկրաինայի անհաջող հակահարձակման հետևանքով ձգձգվող պատերազմի հավանականության աճով, Կիևն այժմ դիմում է իր արևմտյան դաշնակիցներին՝ լրացուցիչ ֆինանսական և ռազմական օգնության համար:
Ուկրաինացի պաշտոնյաները մշտապես դեմ են եղել Մոսկվայի հետ զինադադարի կնքմանը, քանի որ դա կստիպի Կիևին զիջել օկուպացված տարածքները, բայց չի երաշխավորի պատերազմի ավարտը:
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ արևմտյան երկրների կողմից իրավիճակը «չլարելու» կոչերը հանգեցրել են բազմաթիվ ուկրաինացի զինվորականների մահվան։ Ռուսական բանակին նահանջելու ստիպելու հնարավորությունն այժմ բաց է թողնվել, և Ուկրաինայի զինված ուժերը չեն ստացել անհրաժեշտ սպառազինությունը՝ հակամարտության սրման վերաբերյալ արևմտյան երկրների մտահոգությունների պատճառով։
«Մենք խնդրեցինք նոր տեսակի զենքեր, հետո զենքերը տեղ հասան, ու էսկալացիա չեղավ։ Ռուսական հրթիռն ընկել է ՆԱՏՕ-ի տարածքում. Պատասխանը դարձյալ եղավ. «Մի լարեք իրավիճակը»։ «Մի լարեք իրավիճակը» ժամանակ կորցրեց և 2014 թվականից ի վեր կռված մեր ամենափորձառու մարտիկներից շատերը զոհվեցին»:
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել են ամիսներ կամ նույնիսկ տարիներ ուշացումով։ Նա հիշեցրել է, որ ռուսական հրթիռներում մինչ օրս օգտագործվում են բաղադրիչներ, որոնք ներկրվել են արևմտյան երկրներից։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ դա միայն մեզ է վերաբերում, սա միայն Ուկրաինային է վերաբերում, ապա հիմնովին սխալվում է։ Ուկրաինայի սահմաններից դուրս ռուսական նոր ագրեսիայի հնարավոր ուղղությունները և նույնիսկ ժամկետները գնալով ավելի ակնհայտ են դառնում»,- հավելել է նա։