Բարձրագույն դատական խորհուրդը վերջերս ընդդիմադիր վերնագրով` «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը», երկարամետրաժ ռեպորտաժ էր նկարել, որտեղ ոչինչ չկար ԲԴԽ-ի իրական խնդիրների մասին, և ներգրավված էին ԲԴԽ-ում պատահական հայտնված և օրենքի առաջ արտոնյալ բանախոսներ։
Մի շարք ստեր արտաբերող այդ 25 րոպեանոց տեսանյութում ներառված է մի քանի քաղաքացու կարծիք, Փաշինյանի խոսքից մեջբերումներ և դե Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով խոսում է, որ ինքն առաջինն արդարադատության նախարարն է, որ հակափաստարկ է բերում, որ իրենց թիմի մարդիկ էլ են կալանավորվում։
Սյուրռեալիստական է, որ Կարեն Անդրեասյանի կցորդ Երանուհի Թումանյանցը խոսում է վեթինգի մասին, առավել տպավորիչն էլ կա. տարիներով դատական որոշումներ չտրամադրած, հասկանալի, բայց չբարձրաձայնվող պայմաններում ԲԴԽ անդամ դարձած Նաիրա Հովսեփյանը խոսում է, որ մարդը նշանակվում է, առաջ է գնում ըստ իր ծառայողական աշխատանքի, իր բարոյական որակների և ասում` Բարձրագույն դատական խորհրդում կոռուպցիա չկա։
Կոռուպցիա չկա և այդ 25 րոպեանոց ռեպորտաժի համար ծախսվել է 8 մլն դրամ։
Այսինքն, որպեսզի Կարեն Անդրեասյանի մտերիմները հավաքվեն ու իրենց բնույթին, գործելաոճին հակառակ բաներ խոսեն ու մի երիտասարդ քայլի, պետության վրա արժեցել է 8 մլն դրամ։
Դատական դեպարտամենտի հայտարարությունում ասվում է.
«Հանրային հաշվետվողականությունից ելնելով, ինչպես նաև ողջունելով առանձին անհատների հատուկ հետաքրքվածությունը դատական իշխանության ամեն մի գործողության նկատմամբ՝ Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ դատարանակազմության 25-ամյակի, ինչպես նաև Ամանորի ու 2023 թվականի աշխատանքների ամփոփման երեք կարևոր նպատակների համար կազմակերպվել է մեկ միասնական միջոցառում` 2024 թվականի հունվարի 12-ին:
Միջոցառմանը մասնակցել է 350 դատավոր և դատական ծառայող: Միջոցառման առաջին մասում, որպես ներքին ու հանրային հաշվետվություն, ներկայացվել է 25 րոպե տևողությամբ ֆիլմ, որն արդեն իսկ առաջացրել է բավական մեծ հանրային հետաքրքրություն և հավանության է արժանացել հազարավոր քաղաքացիների կողմից:
Ֆիլմի արտադրության և ողջ միջոցառման համար (ներառյալ ֆուրշետային հյուրասիրությունը) ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն․ 956 հազար ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), որից 8 մլն ՀՀ դրամը հատկացվել է ֆիլմի պատրաստմանը, իսկ 3 մլն 956 հազար ՀՀ դրամը, ինչպես շրջանառվել էր մամուլում «ճոխ խնջույքի», կազմակերպման համար: Այդ համեստ ցերեկույթի ծախսը իր մեջ ներառել է սրահի, հեռուստաէկրանների վարձակալություն և շուրջ 350 անձի համար նախատեսված հոտնկայս հյուրասիրություն»։
Ըստ հայտարարության` այդ տեսանյութը, որն իրենք անվանում են ֆիլմ, նպատակ է հետապնդել նպաստել հանրության շրջանում դատական իշխանության հեղինակության վերականգնման բարդ գործին, որը խարխլվել է ոչ միայն օբյեկտիվ քննադատություններով, այլև երբեմն կեղծ, միակողմանի ու մանիպուլատիվ հրապարակումներով:
Առնվազն զավեշտ է մտածել, որ այդ ֆիլմն ինչ - որ բան կփոխի դեպի լավը։ Եվ առհասարակ, Կարեն Անդրեասյսնն այդ հեղինակությունն այնպես է խարխլել, որ ոչ մի բյուջե ունակ չի վերականգնելու, ոչ մի տեսանյութ Կարեն Անդրեասյանի չսիրելի, բայց օրինապաշտ դատավորների լիազորությունները դադարեցնելու ապօրինություններով ԲԴԽ հեղինակության արտաշիրիմումը չի անի։
Անգամ եթե անտեսենք, թե ինչ դեմքեր են խոսում ֆիլմում, հենց առաջին բառից այդ տեսանյութը ձախողված է և նպատակներն ազնիվ չեն.
«Եթե անկախ դատական համակարգ կա, բոլորը պետք է նստած լինեն, բոլորը»,- այս մտքի սցենարիստը, ռեպորտաժում ներառողը, նայողն ու հավանություն տվողն առնվազն չեն տեսնում այն խնդիրները, ինչի համար քննադատվում է ԲԴԽ-ն կամ տեսնում են, պարզապես այդ խնդիրներն իրենք են անձամբ և, բնականաբար, լուծումը ձեռնտու չէ, հետևաբար ցածր իրավագիտակցություն ունեցող մարդկանց ականջին հաճո լոզունգ են ընտրել, իսկ դա առնվազն ազնիվ չէ։
Ի դեպ, դիտումներին օգնել է Փաշինյանի կողմից Ֆեյսբուք սոցցանցում ֆիլմի տարածումը, որն արդարացնելու համար էլ գրել էր, թե կինոն իրեն ինչ-որ կարևոր բան է համոզել։
8 միլիոնանոց ռեպորտաժը Յութուբում 2200 դիտում ունի։
ԲԴԽ-ի հեղինակության բարձրացման համար տեսանյութ պետք չէ, պետք է չլինեն մարդիկ, որոնք կան, դեռ չենք ասում, թե այդ հեղինակության բարձրացման համար որտեղ պետք է լինեն այդ մարդիկ։
Առնվազն նորմալ չէ Ձմեռ պապիկից դեպարտամենտի աշխատակիցների համար փող ուզել ու ոչնչի վրա ծախսել 8 մլն դրամ։