Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ․-ի քարտեզներ, ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել․ Արարատ Միրզոյան

16:36, 23 հունվար 2024
Ադրբեջանական կողմն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ․-ի քարտեզներ, ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականի սկզբից կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

Նրա խոսքով՝ այդ ամենը վերաբերվում է ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց նաև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատման գործընթացի մեկնարկին, նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմի համար շարունակելու են առանցքային մնալ մի շարք սկզբունքներ։

«Նախևառաջ, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողնող ձևակերպումների։

Մյուսը՝ երկու երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային Միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա։ Գիտեք, որ մշտապես խոսել ենք 1974-1978 թվականների քարտեզների մասին՝ որպես իմ նշած սկզբունքներն արտացոլող ամենաթարմ քարտեզներ։ Հետաքրքրական է, որ առաջարկ է եղել օգտագործել 1974-1990 թվականների քարտեզներ, այդ առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը։ Որոշակի ուսումնասիրությունից հետո ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց առաջ անցնելով նշեմ, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում։ 

Հայաստանի համար սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը և իրավական առումով անխոցելիությունն առանցքային են»,- ասաց Միրզոյանը։