Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում պետք է ձևավորվի ազգային նոր գաղափարախոսություն։
«Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հայտարարությունը․
«Օրերս տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը ի պատասխան այն հարցին, թե արտահերթ նախագահական ընտրությունները կարելի է համարել նոր առաքելության սկիզբ, պատասխանել է, որ տարիներ շարունակ իրենց ազգային գաղափարը եղել է «տարածքների ազատագրումը» և այժմ անհրաժեշտ է ձևավորել նոր գաղափարախոսություն։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ինքն ունի իր սեփական պատկերացումները, որոնք որոշիչ են լինելու, բայց կցանկանար ազգային գաղափարի շուրջ հանրային և հասարակական քննարկում տեսնել։
Ադրբեջանի նախագահի նման ձևակերպումները հավելյալ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Իլհամ Ալիևը պնդում է, որ 2023թ․ սեպտմբերին 10-ամսյա շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմը և հաջորդած էթնիկ զտումը իրենց պետության ազգային գաղափարի իրացման գագաթնակետն էին։ Արդյո՞ք սա անուղղակի կերպով չի գալիս հաստատելու մեր այն անընդմեջ պնդումը, որ Ադրբեջան պետությունը կանգնած է հայատյացության և ծավալապաշտության երկու սյուների վրա։ Ասվածի վառ վկայությունն է այն, որ մինչև 1918թ․ Արևելյան Այսրկովկասում Ադրբեջան պետության ստեղծումը հայերը բարձր տեսակարար ներկայացվածություն ունեին պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում և տիրապետող մեծամասնություն Լեռնային Ղարաբաղում։
Անցած 105 տարիների ընթացքում այս պետության էթնոռասիստական խտրական և անհանդուրժող քաղաքականության հետևանքով հայերի բնակության արեալը պարզապես զրոյացվել է։ 1918թ․ Բաքվի, 1918-1920 թթ․ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայահոծ շրջանների, 1988-1992թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի, 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ բռնություն ու բռնի տեղանումները առանձին փուլերն են այն էթնոֆոբ քաղաքականության, որը եղել է Ադրբեջան պետության ազգային գաղափարախոսությունը։
Այժմ Ադրբեջանի նախագահը խոսում է նոր ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին, որի մասին ինքն արդեն պատկերացում ունի, սակայն ցանկանում է լսել հասարակության կարծիքը։ Սակայն հարց է՝ Իլհամ Ալիևը իրապե՞ս ցանկանում է լսել հասարակության ձայնը, թե ցանկանում է, որ հասարակությունն ասի այն, ինչ ինքն ու իր ղեկավարած վարչակարգն են տասնամյակներ շարունակ քարոզել այդ հասարակությանը՝ ատելության և հայատյացության վտանգավոր ախտով վարակելով այն, քաղաքական հետապնդումների ու բռնությունների ենթարկելով այլախոհներին։
Այնուհանդերձ, դժվար չէ պատկերցանել, թե ինչպիսին են Ադրբեջանի նախագահի համոզմունքները ապագայի շուրջ։ Անհնար է իր կարճատև գոյության ընթացքում քանիցս էթնիկ զտումների դիմած պետությունից ու ցեղասպան մոտիվներով դաստիարակված հասարակությունից ակնկալել այլ բան, քան էքստրեմիստական նեոազգայնականությունն է, որը դարձյալ կհանդերձավորվի էֆենդիբեյական երեսպաշտ ոճով և սպառնալիք կդառնա տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, ներկայացնելով ադրբեջանական ռասիզմի հետևանքով հայրենազրկվածների շահերը, խիստ մտահոգված է անպատժելիությամբ առաջնորդվող և մարդու միջազգային իրավունքը շարունակաբար ոտնահարող ադրբեջանական ռասիզմի և ծավալապաշտության անխոչընդոտ վերարտադրման հեռանկարից և կոչ է անում միջազգային հանրությանը հավուր պատշաճի ուշադրություն դարձնել այն գործընթացներին, որոնք կարող են կործանարար կերպեր ընդունել մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման գործընթացում»։