Բոլորիս առաջ ծառացածն, այսօր, լինելիության խնդիր է։ Ոչ, ամենևին չենք միանում չնչին եղածն էլ չեղած համարողներին, հենց վաղը ոչնչանալու սպառնալիքներով հայտարարություններին, բայց խնդիրն իսկապես լինելիության է, եթե, իհարկե, մեր լինելիությունը միայն կենսաբանական չէ, եթե լինելիությունից չենք հեռացրել բարոյականությունը, խիղճը, հարգանքը, կարեկցանքը, արժանապատվությունն ու գրչով դժվար բացատրելի մյուս արժեքները։ Կամ, եթե հեռացնում էլ ենք, մեկ է՝ առանց այդ արժեքների, դադարելու ենք լինել մի օր նաև ֆիզիկապես։
«Մենք միասնական չենք»,- ասում ու լսում ենք բոլորս: Բայց, իրականում ոչ թե միասնական չենք, այլ արդեն անպատկերացնելի է, թե այսքանից հետո դեռ ինչի հաշվին կանք։ Եկեք հետ նայենք ու փորձենք տեսնել, թե մենք, որպես աշխարհում ամենաշատը պետականությանը կարոտ ազգ, ի՞նչ ենք արել պետականություն կամ դրան նպաստող արժեք ստեղծելու կամ կորցնելու պահերին:
Արցախյան գոյամարտն այդ առումով մեր նորագույն պատմության ամենանուրբ ու ամենափառավոր դրվագն է. պատերազմ ու հաղթանակ հընթացս կազմավորվող բանակով՝ ազգ-բանակով, անկախություն, հանիրավի թուրքին նվիրված պատմական հողերի մի մասի վերադարձ, ոգևորություն, հույսեր...
Իսկ հետ՞ո... հետո… դրա բոլոր, հատկապես՝ բարոյական ու հոգեբանական արդյունքների վատնում: Վատնում հաղթանակը կերտողների մեծ մասի մտածողությամբ, որ իրենց կարելի է ամեն ինչ, վատնում կոռուպցիայով, տևական ժամանակ կոռուպցիան ու այլ անօրեն բարքերը բանակում թույլատրելով, մեր իսկ ստեղծած գործարանների մի մասն ամբողջությամբ կոպեկներով «մերոնցականներինը» դարձնելով, իսկ մյուս մասը՝ պատուհան առ պատուհան թալանելով։ Արժեքներն անհնար էր պահպանել, էլ չասեմ` ուժեղացնել, երբ ամեն ինչ արվել է այնպես, որը մեծացնում է սոցիալական շերտավորումը, բերելով միմյանց հանդեպ թշնամանք։ Ի՞նչ էինք մտածում... որ մեր բանակը հոգեպես պինդ ու ուժե՞ղ է լինելու, երբ ամեն օր կրկնելով, որ հաղթել ենք՝ մեկ է հանդուրժում ենք զինվորի սնունդը հրամանատարի խոզերին տալն ու զորքին նրա այգիներում աշխատացնելը։ Չենք մտածել, բայց խոզերն, այգիներն ու կիսաթալան մնացած գործարաններն այդ պահին կարևոր էին, իսկ դրանց հեռակա հետևանքների մասին մտածելու ժամանակ չկար։
Մենք, իհարկե, միասնականությամբ երբեք աչքի չենք ընկել, հակառակ դեպքում պատմությունն այլ կլիներ: Հետո պարզեցինք, որ միմյանց հանդեպ ատելության ընդունակ ենք նաև քաղաքական հայացքների պատճառով, էլ չասեմ՝ ընտրության ժամանակ ընդամենը մեկից ձայն փախցնող թեկնածուների վստահված անձի կարգավիճակի ու մի ամիս «յոլա» գնալու աշխատավարձի կամ չարաբաստիկ 10 հազարական դրամների համար։ Սա շարունակվեց այնքան ու այնպես, որ պետությունն սկսի ասոցացվել կոռուպցիայի հետ, իսկ պաշտոնյան, հազվադեպ բացառություններով, վախ կամ ատելության զգացում առաջացնի։ Ու որքան էլ նախկին իշխանությունները խոսեն կիրառված տեխնոլոգիաների մասին, հեղափոխություն բերեց հենց սա:
Իսկ ի՞նչ բերեց հեղափոխությունը: Այն «ոչ բռնի էր ու թավշյա», բայց արտահայտում էր կուտակված փոխադարձ ատելությունը, լցված էր դրանով, հին ու նորի, սևի ու սպիտակի բաժանումներով, հներին ու սևերին ոչնչացնելու մոլուցքով։ Հիշո՞ւմ եք հեղափոխական ու հետհեղափոխական շրջանում սոցիալական ցանցերի աղբը։ Չե՞ք հիշում: Հոգ չէ, բան չի փոխվել, բացեք ձեր էջերն ու տեսեք, թե ինչպիսի հրճվանք կարող է լինել պաշտոնյայի հղի դստեր մահվան առթիվ, ինչպիսի անեծք ու հայհոյանք մի քիչ իր պես չմտածող ցանկացածի հասցեին։ Հա, ի դեպ, մի կարևոր բան էլ կա, դրանց հեղինակների հենց 100 տոկոսը մտածած աղբն արտահայտելու, սրբությունները կորցրածի էությունն արտահայտելու ուժ ունի միայն սոցցանցերում։
Խոստովանեք՝ արցախյան առաջին պատերազմն անցած կամ դրանում անմահացած հերոսների հանդեպ պետության անուշադրության պայմաններում մտածել եք, որ պատերազմի դեպքում քչերը զենք կվերցնեն: Ուրեմն նրա համար, որ ազգային անհամերաշխության ու ատելության այս մթնոլորտում 2020-ին ինքնապաշտպանական պայքար, դրանում հերոսական դրվագներ ունեցանք, պարտական ենք բացառապես դրանք կերտողներին, որոնց մեծամասնությունն արդեն չկա։
Պայքար ունեցանք, բայց պարտությունից հետո նույնիսկ 5 րոպե չունեցանք՝ մտածելու սեփական, հենց սեփական՝ ընդդիմությունն՝ իր, իշխանությունն՝ իր սխալների մասին, և որ ամենակարևորն է՝ խոստովանելու դրանք: Ոչ, բոլորն անսխալ էին, մեղավոր էր միայն ուրիշը: Ու պահը հարմար էր զենքերն իրար դեմ ուղղելու, ու այլևս չզարմանալու խոստում տվածներին զարմացնելու, ամեն ինչից մինչև վերջ հոգնած ժողովրդին հասկացնելու, որ դա դեռ վերջը չէր։ Հետպատերազմական շրջանում թշնամու առաջընթացի ցանկացած դեպք Երևանի որևէ հրապարակում իշխանությանը ոչնչացնելու կոչերով լցված հավաքի առիթ էր։ Բայց ավելի սարսափելին այն էր, որ այդ հավաքներում ծախսվում էին գումարներ, որոնք բազմապատիկ գերազանցում էին հավաքների հեղինակների օգնությանն Արցախին։
Դե հետո ընտրություններ՝ մուրճով, մանգաղով ու հայհոյանքով, այնքան, որ միջազգային կառույցներն ու ներպետական դատարանները դիտողություն անեն՝ մի հայհոյեք։ Եվ թվում էր, որ պառլամենտում դեր ստանձնած յուրաքանչյուրը պետք է իրեն հասանելիքն աներ ատելությունը՝ խոսքով ու գործով ատելությունը մեղմելու համար: Բայց նրանք ոչ միայն շարունակեցին հայհոյել, այլ նաև իրար ծեծեցին աշխարհի առաջ:
Դրա մի օրինակ էլ օրերս էր՝ ընդդիմադիր պատգամավորը հարձակվել ու հարվածել է իշխանական պատգամավորին: Ինչո՞ւ և ինչպե՞ս՝ այստեղ կարևոր չէ, կարևորն արձագանքներն են: Իշխանությունը պնդում է, որ մեկ տարի առաջ բոլորի աչքի առաջ հարվածած իրենց պատգամավորը լավ էր արել, որ հարվածել էր և լավ էր արել, որ չէր պատժվել, իսկ ընդդիմադիրը լավ չի արել ու կպատժվի: Իսկ ընդդիմությունից ոմանք ոգևորում են գործընկերոջը հարվածած պատգամավորին: Եվ որևէ մեկը որևէ մեկից ներողություն դարձյալ չի խնդրում: Չկա համերաշխության տանող մեկը, կամ նա անզոր է ատելության այս չափաբաժնի առաջ:
Հենց իր մեղքերի արդյունքում դարերով միայն կորցրած ազգին, իշխանավորից մինչև բանվոր, ինչպե՞ս սթափեցնի Աստված, եթե շրջափակված ու քամվող Արցախը, մետրերով պակասող Հայաստանն ուշքի չեն բերում: Ամեն օր, գրեթե, հայտարարություններ են, որ շրջափակված Արցախում գնաճ է, հումանիտար բեռի մեջ «այֆոն» ու արժանապատվությունից հեռու լիքը բաներ։ Եվ աշխարհաքաղաքական բարդ ու օրեցօր ավելի անկանխատեսելի իրավիճակում, երբ թշնամին արդեն ամեն օր քայլելով Հայաստան է գալիս, կարելի է տեսնել դրա համար դարդ չանող իշխանության, ֆոտոապարատի օբյեկտիվից թաքնված թիկնապահների պահպանության ներքո անմիջականություն ցուցադրող ու շաբաթօրյակ անող իշխանավորների ու առօրյան կենցաղով ու ռոմանտիկայով ցուցադրող առաջին տիկնոջ, որը չափից շատ կապ ունի թեմայի հետ։
Բոլորս ենք ենթադրել, որ նրանք քայլում են, այցելում տեսարժան վայրեր ու հավանաբար նաև եգիպտացորեն ուտում։ Ոչ ոքի, նաև նրանց արգելված չէ երաժշտություն լսել, այդ թվում՝ ռոմանտիկ, այդ թվում՝ հոգսաշատ ու փոքրացող Հայաստանում, նույնիսկ եթե այդ հոգսերի պատասխանատուն, անկախ դրանց հին ու նոր պատճառներից, իրենք են։ Բայց ահա ցուցադրել դա, բոլորին չգիտեմ, բայց իրենց արգելված է: Բարոյապես ու էթիկապես արգելված է ունեցածդ վայելքը ցուցադրել դեռ չկահավորված գերեզմաններում ամեն օր արցունք թափող մայրերին ու կանանց, մերժելի է, հասկանու՞մ եք, սահմանին հերթական քառակուսու կորստի օրը անհամեմատ ավելի անկարևոր զբաղմունքդ ցուցադրել մարդկանց, ովքեր վերադառնում են գերեզմանից, որտեղ նշում էին այդ քառակուսու համար կյանք տված հերոսի ծնունդը: Դե իսկ կարծել, թե քեզ ոչ թե ճշմարիտ քննադատում են, այլ ազդվել են ոչ էսթետիկ լուսանկարներից ու «սպառնալ» ավելի էսթետիկներով, հավատացեք, մի քիչ նաև էժան է ու ամբարտավան:
Մեր կորուստները վերականգնվող չեն, այո, ոչինչ ու ոչ մեկի հետ չես բերի: Բայց սովորական մարդկային արժեքների, կուլտուրայի ու հարգանքի սպառնացող վերջնական կորուստը կբերի ամեն ինչի կորստի, ու այդ ժամանակ սիրով, թե առանց սեր, որքան էլ ուզենք, մեկ է՝ գարուն չի գա...
Բեթղեհեմ Արաբյան