Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու մասին։
«Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանի կողմից ներկայացնել ականների քարտեզները ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այս քարտեզները անօգուտ են ու թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը։
Հայկական կողմի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ երկրի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։
Բացի այդ, Հայաստանի կողմից պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ վերջին 30 տարվա ընթացքում անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների թաղված զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ