Չեմ կարող չանդրադառնալ նաև տարբեր կողմերից, և մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝ կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ:
Այս մասին Բանակի օրվան նվիրված միջացառմանն ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը:
Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից:
Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և բացի դա անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:
Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից»: