Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն անընդունելի է համարել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի կողմից ուղարկված առաջարկները։
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ նա ասել է, որ «աբսուրդ է զենքից հրաժարվելու առաջարկը»։
«Հայաստանը պետք է զինաթափվի, այս բոլոր առաջարկներն անընդունելի են եւ ոչ այլ ինչ են, քան PR»,-ասել է նա։
Նշենք, որ հունվարի 4-ին Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների հերթական փաթեթն է ուղարկել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկների մանրամասների վերաբերյալ իր հայտարարության մեջ ասել է, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ և պայմանագիր ստորագրել Բաքվի հետ՝ չհարձակվելու մասին, եթե հաշտության պայմանագրի ստորագրումը հետաձգվի։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք ստացել են Հայաստանի կողմից ուղարկված առաջարկների փաթեթը և պատասխանը կներկայացնեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։