«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ ԿԸՀ-ն, որը ցույց է տալիս կոռուպցիայի մակարդակը ողջ աշխարհում։ 180 երկրների շարքում լավագույն վիճակում է Դանիան, այստեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 90 է, որեւէ երկրում 100 միավոր չի գրանցվել։ Դանիայից հետո Ֆինլանդիան է, 87 միավոր, ապա Նոր Զելանդիան՝ 85 միավոր։
Հայաստանը 47 միավորով գրավում է տարածաշրջանում Վրաստանից (53) հետո երկրորդ տեղը, մինչդեռ, հարևան պետությունները՝ Ադրբեջանը (23) և Թուրքիան (34) այս տարի գրանցել են զգալի անկում և հասել են իրենց արդյունքների պատմական նվազագույնին։
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ցուցանիշը 50-ից ներքև է, ապա կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է այդ երկրների համար։ Եթե միավորը 50-ից ցածր է, նշանակում է՝ չի կառավարվում։ Մենք մոտ ենք այս սահմանին, երբեք չենք հատել այդ սահմանը։ Մենք ունենք պոտենցիալ ի վերջո գալ այն վիճակի, որ կոռուպցիան կդառնա կառավարելի երեւույթ։ Որպեսզի այն չդառնա երկրի տնտեսական աճի, սոցիալական իրավիճակի, բարօրության խաթարող երեւույթ, պետք է միավորը բարձր լինի»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը, իսկ ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթաց գրանցելու համար։
ԿԸՀ համաթիվը երկրներին դասակարգում է ըստ նրանց` հանրային ոլորտների կոռումպացվածության մասին ընկալման։ Համաթվի միավորները արտահայտում են փորձագետների և բիզնես ոլորտի տեսակետները և ո՛չ լայն հանրության կարծիքը։
ԿԸՀ տվյալները հաշվարկվում են 13 տարբեր արտաքին աղբյուրների համադրմամբ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը որևէ կերպ չի՛ ներգրավվում նշված 13 տվյալների բազաների պատրաստման գործընթացին։
Բոլոր աղբյուրների կողմից յուրաքանչյուր երկրին տրված միավորների միջինացված արդյունքը հանդիսանում է համաթվում ընդգրկված երկրների ԿԸՀ արժեքը։