Հետևեք մեզ։

Դեմ եմ Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելուն, դեմ եմ նաև այն «սրբազան կով» դիտարկելուն. ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյան

15:00, 01 փետրվար 2024
Դեմ եմ Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելուն, դեմ եմ նաև այն «սրբազան կով» դիտարկելուն. ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյան

Սահմանադրությունը պետք է դիտարկենք երկու տեսանկյունից․ սահմանադրություն որպես բուն տեքստ, կամ սահմանադրություն, որպես սահմանադրի կամք։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Առնվազն 2018-ից սկսված քննարկվել է, թե արդյոք քաղաքացիների կամքն է ունենալ այսպիսի սահմանադրություն, թե ոչ։ Լեգիտիմությունը կասկածի տակ չեմ դնում, որովհետև բոլորս գործում ենք այդ սահմանադրության հիման վրա, բայց կուզենայի, որ սահամանդրությունը դիտարկենք, որպես ապրող փաստաթուղթ, և զարգացման փուլում կարիք է առաջանում փոփոխելու, վերանայելու և այլն։ ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ վերջինը, որ անկախությոնից հետո քննարկում է անցնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ սահմանադրության տեքստի հետ կապված, որոշողը ոչ թե միայն ես եմ կամ դուք, այլ սահմանադիրը, որը քվեարկում է»,-ասաց Վարդանյանը, հավելելով, որ կա քննարկում և կկայացվի որոշում։

Դիտարկմանը, թե չի բացառում, որ կարող են հրաժարվել անկախության հռչակագրից, Վարդանյանն ասաց․ «Էլի եմ ասում՝ ես հրաժարվողը չեմ, ոչ էլ դուք, եթե սահմանադրության նոր տեքսը դրվի սահամանադրական հանրաքվեի, սահմանադիրն է  որոշելու, թե ինչ տեքստ է լինելու»։

Ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, որը ՀՀ սահմանադրության նախաբանում է, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ կարող է  ավելի մեծ հղում լինի, կարող է՝ ավելի փոքր, որոշելու է ժողովուրդը, դեռ վաղ է դատողություն անել․ «Դեմ եմ Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելուն, դեմ եմ նաև այն «սրբազան կով» դիտարկելուն, որովհետև Սահմանադրությունն ապրող փաստաթուղթ է»։