Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Հանրային Ռադիո»-ին, որը ներկայացնում ենք հատվածաբար․
–Իմիջիայլոց, մեղադրանքներ կան ընդդիմադիր շրջանակներից, նաև այն շրջանակներից, թե Ձեզ վրա ճնշում են գործադրում նաև արտաքին աշխարհից՝ նոր Սահմանադրություն ընդունելու հարցում: Ձեր արձագանքն ինչպիսի՞ն է այս խոսույթին:
–Իմ արձագանքը հետևյալն է այդ խոսույթին. շատ ուղիղ են ասում, ասում են՝ այս Սահմանադրության փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ: Ես պիտի հետևյալն ասեմ Ձեզ, ես էլի պետք է վերադառնամ մեր խոսակցության ամենասկզբին, որովհետև ցանկացած կառավարություն ինքը պետք է վերլուծի և հասկանա, թե ինչ հայեցակարգի հիման վրա է ինքն ապահովելու երկրի անվտանգությունը և պետք է տեղորոշի, զատորոշի այն պրոբլեմները և կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում: Հիմա ես վերադառնամ նաև բանակի հետ կապված խոսույթին, տեսեք, երբ ես ասում էի, որ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գործելու, ինքնիշխան տարածքը պատրաստելու և սպասարկելու համար է, անվտանգությունն ապահովելու համար է, և սա կարևոր է ոչ միայն ներքին, այլև արտաքին առումով, որպեսզի դու արտաքին աշխարհին, ըստ էության, հայտարարագրում ես, թե դու ինչ ես ուզում անել, քո մտադրություններն ես հայտարարագրում: Երբ քո մտադրությունները հայտարարագրում ես, ուրիշներն էլ իրենց մտադրություններն են հայտարարագրում, և այդ հայտարարագրումների պրոցեսում է, որ առաջանում են կոնֆլիկտները: Մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք, հիմա մեր խնդիրն ի՞նչ է, մեր խնդիրը հետևյալն է՝ հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ: Ես շատ կոպիտ օրինակ բերեմ, շատ կոպիտ, ամենայն հարգանքով բոլոր երկրների նկատմամբ: Ուղղակի առակի լեզվով խոսելու տրամաբանության մեջ պատկերացրեք՝ մենք իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի ա կետից գնանք բ կետը: Իրար հետ գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք:
– Երկուսս էլ:
– Երկուսս էլ: Ընդ որում, ոտքից գլուխ կարմիր զգեստներով ենք և մենք պետք է որոշում կայացնենք: Ընդ որում` այդ կարմիր զգեստն ինձ համար գործել է իմ սիրելի տատիկը, որը չկա, Աստված հոգին լուսավորի, և այդ շորն ինչ-որ առումով ինձ համար ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար: Ձերն էլ Ձեր հարազատներից որևէ մեկը: Այդ ճամփորդության մեջ այդ զգեստը Ձեզ ջերմացնում է: Զուտ պետք է քայլենք այդ ճանապարհով:
–Բարդ ճանապարհ է:
– Հեշտ ճանապարհ չէ:
–Արդեն կարմիր ենք հագած, ցուլերն էլ դիմացը կանգնած:
–Ցուլերն էլ երկայնքով շարված են: Մենք պիտի իրար հետ քննարկենք և որոշում կայացնենք: Մենք կարող ենք երկու որոշումների երկու բանաձև ունենալ: Ես կարող եմ ասել՝ գիտե՞ս, ինձ համար այնքան թանկ է, ես այս շորով պետք է գնամ: Եվ իմիջիայլոց, ասեմ Ձեզ՝ ես էլ, Դուք էլ, մենք էլ, բոլորս էլ այդ ենք ասել և այդ ենք ասում, հասկանո՞ւմ եք, այդ ենք ասել և այդ ենք ասում: Ես ինքս, ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ այդ եմ ասել: Եվ մենք պետք է այդ ճանապարհն անցնենք, և այս քննարկումն է որոշելու՝ մենք այդ ճանապարհը կանցնե՞նք, թե չենք անցնի, որովհետև եթե այդ կարմիր շորը մենք փոխենք, հրաժարվենք, փաթեթավորենք որպես մասունք, որպես շատ հարազատ և սրբազան մի բան, բայց այլևս իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, իրեն ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս և զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք կարողանում ենք գործել: Ես Ձեզ մի բան ասեմ, այս կարմիր զգեստով տարբերակում ես, 100 տոկոսով կարող եմ երաշխավորել, որ մենք չենք անցնի այդ ճանապարհը: Զգեստափոխվելու տարբերակով ես չեմ կարող 100 տոկոսով երաշխավորել, որ մենք կանցնենք այդ ճանապարհը:
–Բայց շանս կա, որ կարող ենք։
–Բայց եթե կա անցնելու տարբերակ, դա այս երկրորդ տարբերակն է, որովհետև այդ կարմիր շորի մասին խոսակցությունն ի՞նչ է նշանակում իրականում, նշանակում է, որ մենք ոչ պետական մտածելակերպից անցում ենք կատարում դեպի պետական մտածելակերպ, որովհետև հասկանում ենք, որ խնդիրը միայն մենք չենք: Խնդիրը մեր հաջորդ սերնդի առաջ մեր ունեցած պատասխանատվությունն է: