Հետևեք մեզ։

Դիսոնանս․ ինչ փոխվեց ինչից հետո

23:43, 01 փետրվար 2024
Դիսոնանս․ ինչ փոխվեց ինչից հետո

Որքան բազմաշերտ է հանրությունը, այնքան բազմաշերտ պետք է լինեն կարծիքները, բայց Հայաստանում մի փոքր այդպես չէ, որովհետև կարծիքներ ուղղորդող վեկտորները պարզապես մի քանիսն են, իսկ մի քանի անհատներ, որոնք ունեն սեփական կարծիքը, նախընտրում են լռել՝ շառից, փորձանքից հեռու կամ սոցցանցերում մեկնաբանություններով ծավալվելուց զերծ մնալու համար։

 

Երկու օր է՝ Հայաստանում ներքաղաքական օրակարգը պտտվում է Էկոնոմիկայի նախարարությանն ու «Սիներջի» ընկերությանն առնչվող քրեական վարույթների շուրջ։ Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ավելի քան 15 վայրում, կատարվում են խուզարկություններ, յոթ անձ ձերբակալվել էր։ Կարճ անդրադարձով նշեմ, որ այսօր վերը նշված ընկերության տնօրենն է կալանավորվել, մեկ կին աշխատակից, Ալեն Սիմոնյանի հարսը՝ Անի Գևորգյանը, որը նույնպես աշխատել է նշված ընկերությունում, իսկ Էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարարի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը։ Նաև, հատուկ շեշտեմ՝ ոչ ոք մեղավոր չէ, քանի դեռ ուժի մեջ մտած դատավճիռ չկա։

 

Իրադարձությունների զարգացումները միանգամից բաժանվեցին երկու մասի։ Երբ հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահման հետ կապված քննչական գործողություններ են իրականացվում, առաջին և սպասելի ալիքը տարածվեց՝ բա ասում եք՝ կոռուպցիա չկա, բա տեսեք՝ ուր է հասել կոռուպցիան, բայց երկրորդ ալիքն արդեն ահագին բան փոխեց․ երբ առաջինն Aravot.am-ը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի հարսը ձերբակալվել է, բոլոր նրանք, որոնք կոռուպցիայի առկայությունը մտցնում էին Փաշինյանի աչքը, սակայն մտերիմ էին Ալեն Սիմոնյանի հետ կամ անհասկանալի ու հասկանալի շահ են հետապնդում կամ պարզապես ուրիշ կարծիք էլ ունեն, շատ արագ «վերլուծեցին»՝ շոու է, ռեյտինգն է բարձրացնում և պլյուս անվերջություն։ Ենթադրենք, թե այո, բայց այդ դեպքում ձեր առաջին կարծիքն ի՞նչ եղավ, եթե վստահ չէիք այդ առաջին կարծիքի մեջ, որ կոռուպցիա կա, ապա ինչու՞ էիք տարածում․․․

 

Բայց մյուս կողմն էլ կա․ ինչպես հայտնի է, գործում ներգրավված է ընկերության տնօրենը, այլ աշխատակից, իսկ ի՞նչ հարց կառաջանար բոլոր նրանց մոտ, եթե հանկարծ մամուլը պարզեր, որ այդ ժամանակում և այդ ընկերությունում աշխատել է Ալեն Սիմոնյանի հարսը, բայց տնօրենի ու մեկ աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում կա, իսկ Ալեն Սիմոնյանի հարսի նկատմամբ ոչինչ չկա։ Չթվարկեմ բոլոր հարցերն ու գրառումները, պարզ է, թե ինչեր կգրեին ու հենց նույն մարդիկ։ Ուղղակի մեկն ասեմ․ կալանավորել են, ասում են՝ վախեցնում է, ռեյտինգն է բարձրացնում, այսինքն՝ կոռուպցիան բացառում ենք, որը վերը նշածս պարզվեր՝ հարսի նկատմամբ քրեական հետապնդում չլիներ, ասելո՞ւ էին՝ Փաշինյանը չի վախեցնում ՔՊ-ականներին, չի բարձրացնում ռեյտինգը․․․

 

Մյուսը՝ ընդդեմ Ալենի․ ինչպիսի արդարացում, ինչ սուրբ մարդ է Ալեն Սիմոնյանը, որ վախեցնեն հարսի միջոցով, կամ վախեցնեն ցանկացած ՔՊ-ականի։ Ես կարծում եմ, որ ՔՊ-ականները ոչինչ չեն կարող անել առանց Փաշինյանի, կամ ովքե՞ր են նրանք առանց Փաշինյանի։ Հարսի միջոցով վախեցնի մի մարդ, ով ՊՊԾ պետին «սալյուտի» համար է հանում գործից, նախքան այդ «սալյուտի» ավարտը։ Ինչպես պարոն Սիմոնյանն է սիրում ասել՝ ՀՀ ընտրված վարչապետը, կարծում եմ, յուրաքանչյուր ՔՊ-ականի հանդեպ շատ ավելի մեծ խաղաքարտեր ունի։

 

Ինչ վերաբերում է այս կամ այն անձի խափանման միջոցին, լավ կամ վատ անելուն, ճիշտ ու սխալի մասին գնահատական տալուն, ապա դա իրեն թույլ պետք է տա մարդ, ով, օրինակ, տիրապետում է գործի նյութերին, այլապես անիմաստ քարոզչություն կդառնա կամ «անգիտակից գործիքավորում», մանավանդ որ այդ նույն մարդիկ պետք է որ դաս քաղեին, օրինակ, Աշոտ Փաշինյանի գործի սկզբում ու վերջում իրենց հայտնած կարծիքների տարբերությունից։ Օրինակ, այսօր Էկոնոմիկայի նախարարության գործով պաշտպաններից մեկը մասնագիտորեն մոտենալով հարցին, ասաց, որ Սիմոնյանի հարսի գործին ծանոթ չէ և ոչինչ ասել չի կարող։ Ասեմ ավելին, Ալեն Սիմոնյանի հարսի պաշտպանը միայն հայտնել է, որ բողոքարկելու է կալանքը, ինչը բնական է, իսկ դատարանի որոշումը դեռ չի ստացել և այլ մեկնաբանություն չի տվել։

 

Ինչ վերաբերում է այսօրվա ճեպազրույցին նյարդերը մի կերպ զսպող և խաղաղ մթնոլորտ պահանջող Վահան Քերոբյանին, ապա նա նախ բազմաթիվ անգամ իր կողմից օգտագործված չահաշահում բառի բացատրությունն էր պահանջում, բայց սա չէ կարևորը․ այստեղ ուրախանալու առիթ կա․ Քերոբյանը հույս դրեց դատարանների վրա, անգամ երեք տարի առաջվա մի գործ էր վկայակոչում և ասում, որ դեռ դատավճիռ չկա։

 

Վերջերս Հայաստանում տեղի են ունենում իրադարձություներ, որոնք «անբացատրելիորեն» բոլոր կողմերին կապում են իրար, միավորվում են, բոլորը դեմ են կամ բոլորը կողմ են, բայց, օրինակ, որևէ մեկը չի ասում՝ իսկ գուցե իրոք և առանց որևէ բանի է տեղի ունենում այս ամենը, իսկ եթե իրոք եղել է որևէ չարաշահում, որը բավարար է վարույթ հարուցելու համար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ դա բացառվեց։ Զարմանալի դիսոնանս կա․ մեղադրել Փաշինյանին, երբ արդարացնում էր Ալեն Սիմոնյանի եղբոր կողմից ասֆալտի մրցույթը շահելը, հետո արդարացնել նույն եղբոր կնոջը, ում նկատմամբ քրեական հետապնդում կա ինչ-որ բաների հիման վրա։ Բնավ, չեմ ասում մեղադրել կնոջը, արդարացնել ամուսնուն, կամ հակառակը, դա իրավապահ մարմինների գործն է կամ ժամանակի հարց, բայց դա դիսոնանսի առկայությունը չի չեզոքացնում։  

Մեկնաբանություններ շատ սիրող, բայց առանց մեկնաբանության իր հարազատների լուսանկարը հրապարակած Ալեն Սիմոնյանից մի դրվագ հիշեցի, առանց հետին մտքի․ ութ տարի առաջ, որպես երևանցի տղա (ինքն էր այդպես ներկայանում) Ալեն Սիմոնյանն ակցիա էր իրականացնում Սահմանադրական դատարանի դիմաց․ «Ես երևանցի տղա եմ, Երևանում որտեղ ուզում, կանգնում եմ։ Կարող ա մի օր գաք, ոստիկաններով տնից հանեք, տանեք»։

 

Մի կողմ թողնենք կանանց հանդեպ հուզական կողմը, որովհետև հարցն օրենքի դաշտում է, իրավական կողմը թողնենք իրավապահ կողմերին ու դատարաններին, պարզապես պետք է հիշել, որ հանրության ոչ հստակ և սեփական անձին շահ բերող կարծիքներն իշխանություններն օգտագործում են միշտ հօգուտ իրենց և թվարկում ու վկայակոչում իրենց հարմար պահի։

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական