Հետևեք մեզ։

Ներեցեք, որ ասում եք՝ Արցախը պետք է հետ բերենք, շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այն ներդրված է, որ դու չունենաս ինքնիշխանություն․ ՔՊ-ական պատգամավոր

15:13, 02 փետրվար 2024
Ներեցեք, որ ասում եք՝ Արցախը պետք է հետ բերենք, շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այն ներդրված է, որ դու չունենաս ինքնիշխանություն․ ՔՊ-ական պատգամավոր


Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում պատմական արդարություն․ երբ ասում ենք՝ պատմական արդարություն և դրա տակ դնում տարածքային պահանջներ հարևաններից, այնպես չի, որ միայն երկու հարևաններն են դրան վատ աչքով նայում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։


«Խոսում ենք Վան լճից, իսկ ինչի չենք խոսում Ուրմիա լճից։ Արդյո՞ք էդ տեսանկյունից տրամաբանական է, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը տարածքային պահանջներ ունենա իր բոլոր հարևաններից պատմական արդարության տեսանկյունից»,- ասել է նա։


Դիտարկմանը, թե շատ պետություններ են պարտվում, բայց չեն կորցնում իրենց երազանքը, զինվում են և հետագայում վերականգնում են իրենց հայրենիքը և հարցին՝ այդ երազանքը չպե՞տք է փոխանցվի սերընդեսերունդ, Ալեքսանյանն արձագանքեց․


«Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն։ Ես ասում եմ, որ մեր սերունդը և մենք ինքներս պետք է ունենանք ամենակարևոր երազանքը։ Դա ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է և ոչ թե գնանք այն ծրագրով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող:


Կներեք, որ ասում եք՝ Արցախը պետք է հետ բերենք, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում, ենթադրենք, հետո՞: Հետո Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում, հետո՞։ Դուք հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս»,- ասաց նա։


Դիտարկմանը՝ այդ դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն ի՞նչի մասին էր բանակցում այսքան տարի, Ալեքսանյանը պատասխանեց․ «Բանակցությունները շարունակվել են, Ալիևը եկել, նստել է, ասել է ոչ, պետք է տաք ինձ»։