Հետևեք մեզ։

Գագիկ Բեգլարյանը հաշտություն կնքելու ցանկությամբ հանդես չի եկել, նա ունի գույքեր, որոնց ձեռքբերումն օրինական է, բայց բռնագանձվելիք գույքն ավելի շատ է․ դատախազ (տեսանյութ)

18:54, 03 ապրիլ 2023
Գագիկ Բեգլարյանը հաշտություն կնքելու ցանկությամբ հանդես չի եկել, նա ունի գույքեր, որոնց ձեռքբերումն օրինական է, բայց բռնագանձվելիք գույքն ավելի շատ է․ դատախազ (տեսանյութ)

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում քննվում է Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի: Այսօրվա դատական նիստին Բեգլարյանը ներկա չէր, ներկա էին նրա ներկայացուցիչները: Դատարանը հետաքրքրվեց` արդյոք կո՞ղմ են, որ դատական նիստը տեսանկարահանվի, ինչին ի պատասխան` հայցվորը չառարկեց, իսկ պատասխանող Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչներն առարկեցին առհասարակ որևէ ձևաչափով տեսանկարահանումը։

 

Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների։ Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամաներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ունեցվածքը, որոնց մեջ մտնում է երեք տասնյակից ավելի գույք, բաժնեմասեր տարբեր ընկերություններում և այլն։ Դատական նիստը երկար չտևեց, քանզի հայցվող կողմը միջնորդեց որպես երրորդ կողմ ներգրավել այլ անձանց, ինչին չառարկեց նաև պատասխանող կողմը։ Ուստի, դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև մայիսի 16-ը, որպեսզի միջնորդությամբ ակնկալվող անձինք ևս ներկա կգտնվեն նիստին։ Նիստից հետո Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվեցին հարցազրույց տալ՝ որևէ մեկնաբանություն չտալով, թե ինչու չեն ցանկանում խոսել։ Փոխարենը խոսեց դատախազության ներկայացուցիչը՝ դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը։ Նա նշեց, որ դատախազությունը Գագիկ Բեգլարյանից պահանջում է բռնագանձել ավելի քան երեք տասնյակ անշարժ գույք, մի քանի իրավաբանական ընկերություններում մասնակցություն, հանձնված փոխառությունների չվերադարձված մասի պահանջի իրավունք և շուրջ 5 մլրդ դրամի օրինական պահանջ, որը չի հիմնավորվում դրամական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ երրորդ անձանց, որը հնարավոր չէ նույնականացնել։

 

«Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, պետք է նշեմ, որ միջնորդություն է ներկայացվել համապատասխան իրավաբանական անձանց՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու համար, որովհետև իրավասու մարմինը գտնում է, որ կայացվելիք դատական ակտը նրանց իրավունքների և ծավալի վրա կարող է ազդեցություն ունենալ»,-ասաց դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը։

Hayastan.news-ի հարցրեց՝ դատախազությանը կհաջողվի՞ հիմնավորել, որ այդ ամբողջը ապօրինի ծագում ունի,որովհետև խոշոր թվերի մասին է խոսքը։ «Գործը դատաքննության փուլում է գտնվում, այս պահին ճիշտ չի լինի՝ իմ կողմից կանխատեսումներ անել, թե գործի ելքը ինչպիսին կլինի, բայց դատախազությունը վստահ է իր պահանջների հավաստիության մեջ»,-ասաց նա։ 

 

Դատախազը նաև նշեց, որ Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքի անդամները մինչ այս փուլը հաշտություն կնքելու ցանկությամբ հանդես չեն եկել։ Հարցին, թե եթե Գագիկ Բեգլարյանը 100 տոկոսով վերադարձնի դատաախզության պահանջած գույքն ու դրամական միջոցները, իրեն որևէ բան կմնա՞, կա՞ որևէ գույք, դրամական միջոց, որը օրինական ճանապարհով է ձեռք բերել, և կարող է մնալ իրեն, գործով դատախազն ասաց․ «Այո, կան գույքեր, որոնց ձեռքբերումը հիմնավորվում է օրինական եկամուտներով, բայց բռնագանձվելիք գույքն ավելի շատ է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ