Ըստ ՔՊ-ական պատգամավորներից մեզ հասած լուրերի՝ Կոնջորյանն այդ պահին անգամ Ազգային Ժողովում չի եղել, շփոթված զանգահարել է Հ1-ին, փոխանցել է, թե ծեծկռտուք է եղել Արծվիկ Մինասյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ: Լրագրողները, այդ ինֆորմացիան ստանալով, հասել են ԱԺ ու պարզել, որ իրականում մեկ այլ պատգամավորի՝ Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ է եղել վիճաբանությունը: Ստացվում է՝ Կոնջորյանը, անգամ դեպքի մանրամասներին չտիրապետելով, շտապել է Հ1-ից լրագրող «պահանջել»: ՔՊ պատգամավորները մեզ հետ զրույցում դժվարացան ասել՝ Հայկ Կոնջորյանը Հ1-ի լուրերի տնօրենին է արդյոք զանգել ու լրագրող «պահանջել», թե ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի կնոջը, որը խմբագիր է աշխատում այնտեղ:
Ամեն դեպքում, կատարվածի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն վերցնել Հայկ Կոնջորյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ է անում, չպատասխանեց հեռախոսազանգերին եւ մեր նամակներին: Մենք չկարողացանք պարզել, թե որ իրավունքով է ՔՊ խմբակցության ղեկավարը զանգահարել Հ1, այլ ոչ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»: Մարտի 31-ին՝ Հայաստանի Հան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժղովում կայացած նիստի ժամանակ, երբ Վլադիմիր Վարդանյանի գոռալուց, ձեռքով սեղանին հարվածելուց ու ոտքի կանգնելուց հետո դաշնակցական պատգամավորն էլ էր կանգնել, հարվածել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի դեմքին, ուշագրավ վիճակ է արձանագրվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Վարդանյանի դեմքին, վերջինս անմիջապես ընկել է հատակին: Երբ փորձել են նրան բարձրացնել, առաջին անգամ չի ստացվել, Վարդանյանը նորից գետնին է ընկել, ինչպես բոքսի ռինգում. ըստ ամենայնի, մեկ հարվածը նոկաուտի է ենթարկել Վարդանյանին: Վայրկյաններ անց է միայն նա կարողացել ինքնատիրապետումը վերականգնել ու կանգնել ոտքի: Նա շտապել է դեպի դուռը, փորձել գտնել Մհեր Սահակյանին, սակայն Սահակյանը արդեն դահլիճում չէր: Սահակյանի հետեւից փորձել են դուրս գալ նաեւ Տրդատ Սարգսյանը, ապա՝ Վիգեն Խաչատրյանը, սակայն չեն հասցրել: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը նրանց ընթացքը խափանել է՝ հորդորելով հանգստանալ: Ինչեւէ, Վլադիմիր Վարդանյանին «Նաիրի» հիվանդանոց է տեղափոխել ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում