«Քաղաքացիական պայմանագրի» ձեռամբ Ալավերդու քաղաքապետ դարձած Դավիթ Ղումաշյանը լծվել է իր կոմֆորտի հարցերը լուծելուն։ Պարզվում է, Ալավերդիում առաջնահերթ խնդիր է քաղաքապետի ծառայողական մեքենան։
Դավիթ Ղումաշյանը նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ ակնկալում է, որ ավագանին համաձայնություն տա, որ ինքը ծառայողական մեքենա վարձակալի, որի ամսական վճարն էլ 100 000 դրամ է։
Նախագծում ասվում է․
«Տալ համաձայնություն և թույլատրել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին 3 ամիս ժամկետով մեկ ամսվա վարձակալության համար 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձակալական արժեքով օգտագործման վերցնել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող «AUDI» մակնիշի 009 NM 02 հ/հ ավտոմեքենան»։
Նախորդ տարվա դեկտեմբերին Hayastan.news-ը հարցում էր ուղարկել Ղումաշյանին Audi A6 ձեռք բերելու վերաբերյալ, քաղաքապետարանից հերքել էին․
«Audi A6 ձեռք բերելու հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում․ որևէ գումար չի տրամադրվել վերոնշյալ մեքենայի ձեռքբերման համար։ Ավտոմեքենան համայնքին է տրամադրվել անհատույց հիմունքներով։
Հավելելքն, որ «Թեղուտ» ՖԲԸ-ի կողմից ներկայացված վճարման առաջարկը համայնքի ղեկավարի կոմղից չի ընդունվել։ Համայնքապետարանի ունեցած երկու ծառայողական մեքենաներից մեկը գտնվում է անսարք վիճակում, մյուսը ծառայում է բացառապես համայնքապետարանի կարիքների համար»։
Հիշեցնենք, որ նախրոդ տարվա դեկտեմբերի 5-ին ՔՊ-ն անվստահություն հայտնեց ընտրված քաղաքապետ Արկադի Թամազյանին և ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանն ընտրվեց համայնքի ղեկավար։