Հետևեք մեզ։

Ինչի՞ մասին է խոսքը, երբ միջազգային հանրությունը պատրաստվում է հանդուրժել Ալիևի քվեարկությունն էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում. Էդմոն Մարուքյան

18:39, 07 փետրվար 2024
Ինչի՞ մասին է խոսքը, երբ միջազգային հանրությունը պատրաստվում է հանդուրժել Ալիևի քվեարկությունն էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում Ալիևի և ընտանիքի՝ բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քվեարկելուն։  

«Այսօր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևն իր քվերակությունը կազմակերպել է ԼՂ Ստեփանակերտում։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար։ Ուշագրավն այն է, որ Ալիևը սկզբում չհրահրված պատերազմ սկսեց ԼՂ խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո էթնիկ զտումների ենթարկեց այն մարդկանց, որոնց անվանում էր Ադրբեջանի քաղաքացիներ։

Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված քաղաք Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցող մարդ չկա, ու ընտանիքի հետ մասնակցել ընտրություններին:

Սկզբում միջազգային հանրությունը լուռ հետևել է խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա՝ ավելի քան 100 հազար մարդու էթնիկ զտմանը, ապա Ադրբեջանի խնդրանքով սկսել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտն անվանել Խանքենդի։ Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններով անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։

Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ հիմա նրանք պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունն էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել ԼՂ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար»,- գրել է Մարուքյան։