Հետևեք մեզ։

Վախի և սպառնալիքի մթնոլորտ, վարչական տեռոր․ Ադրբեջանում ընդդիմությունը չի ճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները

12:32, 08 փետրվար 2024
Վախի և սպառնալիքի մթնոլորտ, վարչական տեռոր․ Ադրբեջանում ընդդիմությունը չի ճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները

Ադրբեջանի ընդդիմությունը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրություններն անցել են անարդար և որ չի ճանաչի արդյունքները։

«Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններն անցել են առանց մրցակցության, որոնցում իրավունքներն ու ազատությունները լիովին սահմանափակված են, վախի ու սպառնալիքի, վարչական տեռորի մթնոլորտում։ Նրանք պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները։

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտարարել է, որ ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը և արդյունքները լեգիտիմ չեն։ «Իլհամ Ալիեւի հակառակորդ նշանակված «թեկնածուներն» ավելի շատ նման էին Իլհամ Ալիեւի փաստաբանների։ Ընտրական բանավեճերի անվան տակ անցկացվող շոուներում այդ «թեկնածուները» հիմնականում մրցում էին Իլհամ Ալիեւին գովերգելու համար»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Ազգային ճակատ»-ն ու Ազգային խորհուրդը, ինչպես նաև «Մուսավաթ» կուսակցությունը բոյկոտել են ընտրությունները՝ պատճառաբանելով, որ երկրում իրական ընտրությունների համար պայմաններ չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնցով ավելի քան 92 տոկոս ձայները հավաքել է Իլհամ Ալիևը։