Հետևեք մեզ։

Յարխուշտա և չդադարող ծափահարություններ. Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Գագիկ Գինոսյանին (տեսանյութ)

15:28, 09 փետրվար 2024
Յարխուշտա և չդադարող ծափահարություններ. Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Գագիկ Գինոսյանին (տեսանյութ)

Երևանի կամերային երաժշտության տանը այսօր տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը։

Բակում սաները՝ պարահայերը Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին հայտնի Յարխուշտայով։ 

Գագիկ Գինոսյանի մարմինը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նա մահացել էր փետրվարի 6-ին` 57 տարեկանում։

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։
1982 թվականին ավարտելով Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը՝ աշխատանքի է անցել Ախալցխայի շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր։
Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, որն ավարտել է 1990 թվականին։
1987 թվականից Գագիկ Գինոսյանը սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի հիմնադրած «Վան» ազգագրական խմբում։
1996-1999 թվականներին աշխատել է Գյումրու «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն։
2001 թվականին Գագիկ Գինոսյանը հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
2011 թվականին «Ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» Գագիկ Գինոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած և Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց» ներկայացումները։
2014 թվականին բեմադրել է «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։
Ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման նպատակով հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։
Պետական աջակցությամբ հեղինակել է «Ազգային երգ ու պար» առարկայական ծրագիրը, որը տարիներ շարունակ ուսուցանվել է հանրակրթական դպրոցներում:
Երկար տարիներ զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Գրի է առել բազում պարերի նկարագրություններ և վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» համույթը։
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Գագիկ Գինոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։
2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜ւյն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը՝ Արցախյան պատերազմի մասին։
Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական պարգևների: