Հետևեք մեզ։

Ինչ բաղադրիչներ և ինչ տեսք ունի Արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանը

20:52, 09 փետրվար 2024
Ինչ բաղադրիչներ և ինչ տեսք ունի Արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանը

Հաստատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանը, որի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը, տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։

 

Ծառայության տարբերանշանի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության պետականությունը, որի կենսական շահերն է սպասարկում ծառայությունը։ Տեսասևեռումը խորհրդանշում է արտաքին հետախուզության շատ կոնկրետ թիրախային բնույթը։ Արտաքին հետախուզությունը կենտրոնացած է ոչ թե «արտաքին աշխարհում ամեն ինչի», այլ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի համար կարևորություն ներկայացնող հարցերի վրա։ Աչքը, որն ունի չափող թիրախի նշանացույց, չափող թիրախը խորհրդանշում է որոշումների ու գործողությունների հանգեցնող հետախուզական գործունեության վրա կենտրոնանալու ծառայության խնդիրը։  

Ութաթև արևները, որոնք պատկերված էին հայկական Արտաշեսյանների արքունական դրոշի վրա, խորհրդանշում են հայոց պետականության հավերժության ապահովման հայ ժողովրդի իղձն ու Հայաստանի Հանրապետություն պետության նպատակը։  

Արտաքին կապույտ եզրաշերտի երկայնքով վերևի հատվածում նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ստորին հատվածում՝ «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որոնք միմյանցից բաժանվում են երկու ութաթև արևի պատկերներով, որոնք տեղակայված են հորիզոնական նույն գծի վրա՝ կլորի երկու կողմերում։