Նախորդ շաբաթ Ազգային ժողովում հետաքրքիր շեշտադրումներ կային։ Նախ, քաղաքական օրակարգից չի անհետանում «Սիներջի» ընկերության ու Էկոնոմիկայի նախարարության միջև գործարքին առնչվող քրեական վարույթը, իսկ դրան կից զարգացումները ևս պակաս ուշագրավ չեն։
Նախ, «Քաղաքացիական պայմանագիրը», իր իշխանության գալուց հետո առաջին անգամ որոշել է «մայր» տեսնել երկրում․ արձանագրենք, որ այնտեղ բազմած ՔՊ-ական տիկնայք չեն տեսել Եռաբլուրից քարշ տալով հեռացվող զոհված զինծառայողների մայրերին, չեն տեսել Արցախում որդիների շիրիմները թողած մայրերին, չեն տեսել այն մայրերին, ովքեր 44-օրյա պատերազմից հետո մեկ տարի անց դաշտերում որոնում էին իրենց որդիների մարմինները, երբ որդիների դիերը իշխանությունը, գուցե նաև իշխանական մայրերը, պարզապես պահել էին դիահերձարանի սառնարանում, չեն տեսել Տաթև Արցախցուն, ով մայր էր և կալանքի տակ էր նաև նույն ՔՊ-ականների հասցեին գրառման համար և այլն։ Բայց, լավ է, որ հիմա տեսնում են։
ԱԺ-ում ՔՊ-ական Սոնա Ղազարյանը, որոշել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին տողատակերով առաջարկել, որ կալանքի տանելու օրինաչափություն մշակի ԱԺ-ն, չգիտեմ դա ինչի մասին էր, որովհետև այդ բոլոր հիմքերը օրենքով վաղուց կան, ավելին՝ խափանման միջոցներն ավելացվել են, օրինակ, տնային կալանքը և այլն։
Բայց այստեղ մեկ նրբությունն կար, քանի որ պետք էր հնչեցնել չարաշահումների գործով կալանավորված Ալեն Սիմոնյանի հարսի անունը՝ Անի Գևորգյանի, ապա Սոնա Ղազարյանը, անկախ ամեն ինչից, իհարկե, իբր անունը ճիշտ չհիշելով, ասաց, որ տեղեկացել է նաև Տաթև Արցախցու մասին, ով մանկահասակ երեխայի մայր է և կալանքի տակ է պահվել։
Մյուս մասով․ ինչպես հայտնի է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները փոխելու հարցով ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջնորդությունը Դատախազությունը ստացել է։
Այստեղ ուշագրավ մանևր կա․ ըստ մամուլի՝ Ալեն Սիմոնյանը չի ստորագրել այդ միջնորդության տակ, և նշել, որ իր ստորագրելն այլ կերպ կարող է դիտարկվել։
Մի տեսակետից դա ճիշտ քայլ է, մյուս տեսակետից ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն դա արել է ոչ թե, օրինակ, կաներ «Սիներջի»-ի տնօրենի ու Լիլի Մկրյանի համար, այլ արել է հենց Ալեն Սիմոնյանի համար, որովհետև եթե խնդիրը լիներ անհամաչափ կալանքի որոշումը, անարդարության զգացումը, ապա ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը զերծ մնացել ստորագրելուց, այսինքն՝ ընտանեկան է, որոշել է չստորագրել։ Ազնվություն կա, ինչ խոսք։
Հիմա Ալեն Սիմոնյանի ակնարկների մասին․
Նախ, ՀՀ ընտրված վարչապետ Փաշինյանի կամքով Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո, հավանաբար ԱԺ-ում կառավարության հետ առաջին հարցուպատասխանն էր, որ «Փաշինյանը ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան», «ՀՀ ժողովրդի կողմից ընտրված միակ վարչապետ Նիկոլ Փաշինյան» չէր ներկայացվում Ալեն Սիմոնյանի կողմից, այլ առանց քծնանքի, պարզապես այնպես ինչպես կա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։
Եվ մյուս ուշագրավ հանգամանքը։
Ալեն Սիմոնյանի խոսքերը տողատակերով կարելի է դիտարկել որպես ակնարկ դատարաններին․ դա քաղաքացիների համար գուցե աննշան կամ ուշադրության չարժանանա, բայց դատարանները դա լավ հասկանում են։
Իհարկե, Սիմոնյանի խորամանկությունը թույլ տվեց հարցի սկզբում նշել՝ խոսքը քաղաքացիական գործերով դատարանների մասին է, և հարց հնչեցրեց, որն էական չէ հիմա, բայց Կարեն Անդրեասյանի պատասխանը լսելուց հետո Ալեն Սիմոնյանի նախ բողոքեց իր «խաչի ծանրությունից», և ասաց, այն, ինչ իրականում ուզում էր ասել որպես ԱԺ նախագահ․ «Այո, դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն և կա դժգոհություն ոչ միայն իմ, այլ մեր բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Ես կարծում եմ, որ Արդարադատության նախարարի ասած գաղափարը կարևոր է, ես ևս ուզում եմ այն կրկնել․ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործունեության հետ կան մտահոգություններ, կա հնարավորություն քննարկման դնել դատավորի գործողությունները։ Ես կարծում եմ, որ մեր համաքաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն, և դատավորները պետք է իմանան, որ որևիցե որոշում, անկախ նրանից, թե ում է վերաբերվում, չի անտեսվելու, և իմանան, որ մեր քաղաքացիներն այդ որոշումների հետևից գնալո՛ւ են»։
Այսինքն, Ալեն Սիմոնյանը կարծու՞մ էր, որ դատավորներն այդ մասին չգիտե՞ն։
Օրինակ, ինչ էր մտածում Ալեն Սիմոնյանն ասելով՝ դատավորները պետք է իմանան․․․, դատավորները, ի տարբերություն օրենսդիրների, գիտեն, իսկ, օրինակ, օրենսդիր Վահագն Ալեքսանյանը չգիտի, որ ՆԳՆ-ն քրեական վարույթ չի նախաձեռնում և հանձնաժողովի նիստերից մեկում ՆԳՆ փոխնախարարին հարց էր տալիս, թե ինչո՞ւ վարույթ չի հարուցվել այս կամ այն գործով։
Իսկ միգուցե՞ Ալեն Սիմոնյանը դա ասում էր իր անունից և իր հարսին կալանավորողին, և մյուսներին, որոնք այդ գործով դեռ որոշումներ են կայացնելու, որ իրենք այդ որոշումների հետևից գնալու են։ Բարի ճանապարհ, թող հաղթի արդարությունը, ինչ խոսք։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի երաշխավորություններին, թե ինչ որոշում կկայացվի, պարզ կդառնա այդ մասին հայտնելուց հետո, բայց, եթե հիշենք մոտ անցյալում տեղի ունեցած միջնորդությունների ճակատագրերըը, ապա Դատախազությունն, օրինակ, կալանավորված Սերգեյ Սմբատյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս հարյուրավոր հեղինակավոր, միջազգային ճանաչում ունեցող անձանց միջնորդություն որակել էր նույնաբովանդակ և մերժել, մանավանդ այն դեպքում, երբ նույն Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց հանցանքը չկատարելու հիմքով։
Այս բոլոր խորամանկությունների մեջ մարդկային մեկ ժեստ կար, Հայաստանին շատ պակասող մեծահոգության մասին է այն․ դա Տաթև Արցախցու գրառումն ու կոչն էր, որ բավարարեն ՔՊ-ի միջնորդությունը և ազատ արձակեն կալանքից Ալեն Սիմոնյանի հարսին, որովհետև «այդ կինն էլ ինձ նման երկու անչափահաս երեխաների մայր է»։ Ցավոք, ՔՊ-ում դա քչերը կհասկանան, բայց այստեղ սա բացարձակ էական չէ, էականը նման քայլի գոյություն ունենալն է հայաստանյան այս խառը մթնոլորտում։
Բայց մի հարցում Տաթև Արցախցու հետ ոմանք կարող են համաձայն չլինել կամ գուցե շատերը․ իր նման մայր են նրանք, ովքեր խոսել են, գոռացել են, մտահոգվել են, երեխաներին տանը թողել ու փողոց են դուրս եկել (ոչ այս կամ այն ուժի հետևից քայլելու, անիմաստ իշխանափոխոթւյան կոչերը լսելու համար), երբ Արցախում մեկ տարի թերսնուցման հետևանքով բազմաթիվ կանայք մայր չդարձան ու բազմաթիվ երեխաներ չեկան լույս աշխարհ․․․
Բեթղեհեմ Արաբյան
Ալեն Սիմոնյանի ակնարկը, Փաշինյանի՝ «ՀՀ միակ ընտրված վարչապետը» չլինելն ու ՔՊ-ի տեսողության բացումը
03:15, 10 փետրվար 2024