Հետևեք մեզ։

ԲԴԽ-ում ոմանց առողջության մասին տեղեկանքները կեղծ են կամ ինչի մասին «կինո» չի նկարի «սկսնակ ռեժիսոր» Կարեն Անդրեասյանը

20:31, 10 փետրվար 2024
ԲԴԽ-ում ոմանց առողջության մասին տեղեկանքները կեղծ են կամ ինչի մասին «կինո» չի նկարի «սկսնակ ռեժիսոր» Կարեն Անդրեասյանը

ԲԴԽ-ում ոմանց առողջության մասին տեղեկանքները կեղծ են․ սա ամենամեղմ հետևությունն է, որ կարելի է անել՝ դիտելով Կարեն Անդրեասյանի պատվերով պատրաստված տեսանյութը՝ 5 ամենաաղմկահարույց գործերի ձգձգումների մասին։


Հետևություններ, իհարկե, շատ կան, դրանցից ամենացավոտը ափսոսանքն է այն ոգևորության համար, որով մեր գործընկերները տեսանյութում կատարում են Անդրեասյանի՝ արդարության հետ անհամատեղելի պատվերը՝ սրբացնել իրեն, հետին թվով մեղադրել բոլորին և այլն։ Բայց գործընկերային համերաշխությամբ արձանագրելով, որ մեզ հետ անարդար դատեր մեկնաբանած մեր Լիլիթ Շաբոյանը վստահաբար չէր ցանկանա այդ տեղում լինել, սահմանափակվենք արձանագրելով, որ այն ինչ այդ տեսանյութում կա, ինչ-որ աշխատավարձից ավելի թանկ արժե։


Իսկ տեսանյութում՝ Կարեն Անդրեասյանը զարմացնում է և միաժամանակ չի զարմացնում։ Նա, վստահ ենք, ոչ ոքի չի զարմացրել տղամարդկությունից ահագին հեռու այն մոտեցմամբ, որով կեղտ է շպրտում մյուս բոլորի հասցեին ու իրեն սրբացնում, որով նա արդարությունից է խոսում ու կոչ անում կարգապահական վարույթ սկսել դատավորների նկատմամբ՝ այդ վարույթն այդ կոչով իսկ դարձնելով անարդար։ Բայց նա, այդուհանդերձ, զարմացնում, ավելին՝ նոր հորիզոններ է նվաճում այդ ամենը դրսևորելու եղանակների մեջ։


Կարեն Անդրեասյանը, որոշել է, փաստորեն, իր շուրջը հավաքած երիտասարդների կասկածելի հաշվարկներով որոշել, թե կոնկրետ գործերով նիստերը ում պատճառով որքան են հետաձգվել։ Բայց այդ հաշվարկների կասկածելիությունն էլ մի կողմ։ Օր-օրի դատական իշխանության հետ կապերը խզող Կարեն Անդրեասյանը բացահայտ՝ մի բան էլ ավելի՝ տեսանյութում իր կիսանդրու ցուցադրմամբ հայտարարում է, որ իր՝ ԲԴԽ նախագահ դառնալուց հետո դատավորներից մեկը սկսել է նիստերն ավելի հաճախ նշանակել։ Կարեն Անդրեասյանը նեղություն չի քաշել պատմել բոլորիս, թե իր որ լիազորությունը կատարելով է դրան հասել, իսկ ավելի կոնկրետ՝ իրեն ո՞վ է թույլ տվել դատավորի կողմից նիստեր նշանակելու հաճախականությանը միջամտել։


Սա, իհարկե, չի նշանակում, որ նիստերը հազվադեպ նշանակելը լավ է, իհարկե վատ է և դրա պատճառով են նաև անցել ոչ թե 5, այլ բազմաթիվ գործերով վաղեմության ժամկետներ, երբեմն դատավորների կողմից դիտավորյալ ու դրա մասին Կարեն Անդրեասյանը ոչ միայն լավ գիտի, այլ նաև ժամանակին՝ երբ արդարադատության նախարար էր, մերժել է կարգապահական վարույթներ հարուցելու բազմաթիվ, այդ թվում այն դատախազների միջնորդությունները, որոնց վրա այսօր «բոչկա» էր գլորում։ Եվ ընդհանրապես, անպատասխանատու, առանց որևէ օրենքի վրա հղում անելու հայտարարություններ արած Կարեն Անդրեասյանը պարտավոր է հրապարակել, թե ի՞նչ խախտումներ թույլ տված ո՞ր դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություններ է մերժել ժամանակին։


Ի դեպ, Կարեն Անդրեասյան սուբյեկտը մոռացել էր մեր Լիլիթին հանձնարարել տեսանյութում պատմել, թե ինչո՞ւ է Վճռաբեկ դատարանը այդ աղմկահարույց գործերից մեկով որոշում կայացրել գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց տարիներ հետո։ Բայց ո՛չ, նա դա արել է ոչ թե մոռանալու, այլ այն պատճառով, որ Կարեն Անդրեասյանն իր հերթին ունի իր Լիլիթը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ով չնայած այդ գործով երկու տարի տեղից չի շարժվել, բայց միևնույն է, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու կոչ չհնչեց։


Իսկ ինչո՞ւ ոչ։ Իսկ եթե Վճռաբեկ դատարանը ժամանակին ընթացք տար և որոշում կայացներ ու, օրինակ, մեկուկես տարի առաջ գոնե որոշում կայացներ, միգուցե նույն Քոչարյանի գործն այլ ընթացք ստանար։


Բայց Կարեն Անդրեասյանի խնդիրն այլ է։ Եվ այդ խնդիրը, ոչ մի ողջամիտ ուղեղ ձևակերպել չի կարող, որովհետև այդ խնդիրը պատկանում է մի մարդու, ով հանձնարարել է հրապարակային կանխակալ դիրքորոշում արտահայտել դատավորների մեղավորության մասին՝ լինելով նրանց պատժելու հարցը լուծող դատարանի նախագահը։ Կարեն Անդրեասյանն ակնհայտ է, խնդիր ունի ամենաշատը՝ էմոցիաների հետ, որոնք նա զսպել չի կարողանում և հեղափոխական-քաղաքական-աննպատակ մտքեր շաղ տալու նպատակով անցնում է անգամ Սահմանադրության վրայով։


Չմոռանամ ասել, որ Հ1-ի եթերում էլ Կարեն Անդրեասյանը մեղադրում էր քննչական մարմիններին, որ նրանք մեղադրյալների մասին բժշկական տեղեկանքների կեղծ լինելու վերաբերյալ գործեր չեն քննել։ Հետևությունն այստեղ կարճ է՝ Կարեն Անդրեասյանին չէր խանգարի երբեմն օրենք կարդալ։


Կարեն Անդրեասյանին չէր խանգարի նաև ավելի խորը մտածել։ Օրինակ, նա համարելով, որ իր և իր մի քանի սիրելիների ԲԴԽ անդամ դառնալուց հետո աղմկահարույց գործերը սկսել են ավելի արագ քննվել, կարող էր իրեն հարց տալ, թե այդ դեպքում ինչպե՞ս Սահմանադրական դատարանը, իր նման իշխանականներով համալրվելուց անմիջապես հետո, տապալեց այդ աղմկահարույց գործերից մեկը։


Ի դեպ, Անդրեասյանը պատրաստակամություն հայտնել է պատասխան տալ, եթե տեղի ունեցածն իր մեղավորությամբ է։ Վստահ եղեք, որ դատական իշխանության հեղինակությունը բռնաբարողները պատասխան, մի օր հաստատ, տալու են։