Հետևեք մեզ։

Արտահերթ ընտրությունների հակառակ կողմը. ի՞նչ մեսիջ ունի զինվորական համազգեստով Ալիևի որդին

14:49, 11 փետրվար 2024
Արտահերթ ընտրությունների հակառակ կողմը. ի՞նչ մեսիջ ունի զինվորական համազգեստով Ալիևի որդին

Ժառանգական իշխանության թելը բռնած՝ Ալիևների ընտանիքը շարունակում է իր «հաղթական ընթացքը»։ Արցախի բռնությամբ հայաթափելուց և մեր հայրենիքին տիրանալուց հետո մեր օրերի 62-ամյա հայր Ալիևը ծրագրեց արտահերթ նախագահական ընտրություններ։ Վերլուծաբաններն ու քաղաքագետները վայրկենական գլխի ընկան՝ Արցախում իր ոտնահետքերը լեգիտիմացնելու քայլ էր սա։ Թքելով սեփական օրենքի վրա՝ արյունահոտ պատմուճանը ուսերին գցած Ալիևը ընտանիքի հետ գնաց Ստեփանակերտ և քվեարկեց իր օգտին որպես Ստեփանակերտի բնակիչ։

Արտահերթ ընտրություններ կոչվող այս շոուին չհաջորդեց Ալիևի հերթական հաղթական նոտաներով և Հայաստանին ուղղված սպառնալիքներով ճառը։ Փոխարենը քայլ ձիով․ Ալիևը որդու՝ Հեյդար կրտսերի հետ մասնակցեց թուրքական արտադրության «Աքինջի» հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի ցուցադրությանը՝ փաստացի մեկնարկելով գահը որդուն հանձնելու դանդաղ, բայց տրամաբանական գործընթացը։ Գործընթաց, որին արդեն իսկ ինքը, որպես առաջին դեմք, մեկ անգամ ներկա եղել էր․․․


Հեյդար կրտսերը, ով առանձնապես հայտնի չէ որևէ հատուկ գործունեությամբ, հոր կողքին հաճախ չի հայտնվում և իր մասին հիշել, այսպես ասած, չի տալիս, այդ օրը զինվորական համազգեստով էր։


Դա բնավ պատահական չէր․ Ադրբեջանը, որը հորջորջում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր ջանքերի մասին և պնդում, թե պատերազմ չի ուզում, տարածքային պահանջներ չունի, Արևմտյան Ադրբեջան և այլ կեղծ թեզերի կողքին այդ օրը դրեց ևս մեկը․ հարձակողական ԱԹՍ-ների ձեռքբերումը և առաջին պլանում Հեյդար կրտսերին զինվորական համազգեստով հանրությանը մատուցելը նշանակում էր՝ «Ահա ձեր գալիք գերագույն գլխավոր հրամանատարը, դեռ չունի իր անվամբ ստորագրված արյունահեղություններ, բայց ամեն բան ժամանակի խնդիր է․․․»։


Որքան էլ Իլհամ Ալիևը հասարակության «բերանը փակի» բռնազավթված Արցախով ու 8 հայ քաղաքական գործիչների գերեվարմամբ և բանտարկությամբ, խորքում խնդիրներն ավելի շատ են, և մեզ համար ամենավատ սցենարներն էլ անգամ թույլ չեն տա Ալիևին գահը սահուն հանձնել որդուն։ Հետևաբար լուծումը, եթե բարեփոխումները չեն, որոնք, իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել Բաքվի բռնապետական ռեժիմի պայմաններում, եթե խոսքի ազատությունը չէ, որի մասին հատկապես վերջին շրջանում լրագրողների թիրախավորումների ֆոնին կարելի է պարզապես լռել, ապա մնում է նոր պատերազմ, նոր տարածքներ․․․Ալիև Իլհամը որդու համար նոր թիրախ կընտրի, կգա, կվերցնի, անունը կդնեն պայմանական «փոքրիկի բռունցքը» և կրտսեր Հեյդարը կունենա հնարավորություն համոզելու միջազգային հանրությանը, որ վայրկենապես հավաքեց այնքան ձայն, որքան հայրը՝ օրեր առաջ, «խիստ լեգիտիմ ընտրություններում», քանի որ «հետ է բերել իրենց հայրենի հերթական հողը»․․․


Էական չէ՝ դա որտեղ կլինի, խնդիր է դրված մի կտոր հայկական հող ու հայրոդիների անուններ դաջել Հեյդարի կենսագրության մեջ ու դրանով հրել նրան Բաքվի գահին։
Այս ամենը հասկանալու համար, ամեն դեպքում, խիստ մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չեն, մի փոքր տրամաբանություն և չոր հաշվարկ։


Իսկ այս գրեթե անխուսափելի իրադրության պայմաններում ի՞նչ պետք է անի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տոգորված, «Խաղաղության խաչմերուկ» երազող և հարևանների հետ օր առաջ հաշտ-համերաշխ ապրել ցանկացող․․․․ Հայաստանը։


ՀՀ իշխանության խիստ պաշտպանողական քաղաքականության դրոշակներն այստեղ չեն փրկի, պետք է հասկացնել սևերով խաղացողին, որ թեև դուք գրեթե ինքնակամ ճանաչել եք 86,6 հազար քառակուսի կմ-ով Ադրբեջանի Հանրապետությունը, սակայն գոնե չեք մոռացել, որ Արցախում ինչ-որ պահի խորոված եք կերել, հարսանիք արել, նուռ քաղել ու այն հայրենիք կոչել․․․

 

Դիանա Կարապետյան