Հետևեք մեզ։

Վահան Քերոբյանի համար բիզնես միջավայրի վրա ազդում է ոչ թե բիզնեսմենին մրցույթից հանելը, այլ հանողին կալանավորելը. նախարարի վերջին ճիչերը

11:27, 12 փետրվար 2024
Վահան Քերոբյանի համար բիզնես միջավայրի վրա ազդում է ոչ թե բիզնեսմենին մրցույթից հանելը, այլ հանողին կալանավորելը. նախարարի վերջին ճիչերը

 Էկոնոմիկայի փոխնախարարի ու ՏՏ ոլորտը ներկայացնող «Սիներջի» ընկերության մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին արդեն խոսելու առիթ ունեցել ենք։ Ցավով պետք է նորից արձանագրել, որ ցանկացած, ընդհուպ ամենապարսավելի իրադարձության վերաբերյալ հանրային արձագանքները խիստ սուբյեկտիվ են։ Օրինակ, ոչինչ չխանգարեց, որ կոռուպցիայի մասին զօրուգիշեր դիֆերամբներ արտասանող ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ծափահարեն իրենց մերձավոր բիզնեսմենին, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Նրանց ոչ ոք ու ոչինչ չի խանգարում հրապարակային ասել, որ իրենց մերձավորը կոռուպցիոներ չէ, քանի որ նա իրենց մերձավորն է ու իրենք դրան չեն հավատում։



Այդպիսի վարքագծով է աչքի ընկնում նաև Վահան Քերոբյանը, ով առիթը բաց չի թողնում մեզ զվարճացնելու կոռուպցիայի մասին իր պատկերացումներով ու հայտարարում է, որ, օրինակ, չգիտեմ ինչքան արժեքով ծրագիր իրականցնելիս 200 մլն դրամից ավելի գումարի կորուստը նորմալ է։ Քերոբյանի այս մտքից, որը միգուցե միջազգային կոռուպցիոն մեխանիզմների չափանիշներով ճիշտ է, առաջին հարցը որ առաջացավ այն էր, թե տեսնես քանի՞ այդպիսի ծրագիր է իրագործել Քերոբյանը և, ի վերջո, ում գրպանում է այդ շուրջ կես մլն դոլարը հանգրվան գտնում ամեն անգամ։



Վահան Քերոբյանը իր տեղակալի մասնակցությամբ սկանդալից հետո ճչում է և ճչում է բավականին անիմաստ։ Նա, չգիտես ինչու, որոշել է ի լուր բոլորի հայտարարել, որ ինչ էլ անես, եթե չես գողացել, ուրեմն ամեն ինչ լավ է։ Իսկ այստեղ մնում է հասկանալ, թե ինչ է հասկանում գողանալ ասելով Վահան Քերոբյանը, մի մարդ, ով մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ինքը չարաշահել ասելով հասկանում է այլ բան, քան մենք բոլորս։



Մինչև սկանդալի մասին Քննչական կոմիտեի հաղորդագրությունից մեջբերումներ անելը նկատենք, որ հայոց էկոնոմիկայի նախարարը կոռուպցիա ասելով, կարծեք թե հասկանում է միայն կանխիկ դրամով կաշառքը, իսկ գողություն ասելով՝ Կենտրոնական բանկից ոսկու «սլիտկա» գողանալը։ Հայերեն ոչ այնքան լավ արտահայտվող Վահան Քերոբյանը երեկ, ուղղակի «վառեց» Քրեական օրենսգիրքը, հայտարարում էր որ չարաշահելը հայերենում կազմված է «չար» և «շահ» բառերից ու քանի որ իրենք շահ չեն ունեցել ու նաև չար չեն, այլ երևի բարի են, ուրեմն իրենք ոչինչ չեն չարաշահել։ Բայց հենց այստեղ երևի, Քերոբյանին մտածել է պետք․․․



Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից»։



Չմոռանալով անմեղության կանխավարկածը ու այս ամենի մասին խոսելով հենց Վահան Քերոբյանի մտքի ճախրանքներից դրդված, ստիպված ենք հարցնել, թե ինչ «բարի նպատակներով» են տեսնես էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մրցույթի պայմաններին ապօրինաբար (ըստ մեղադրանքի) չհամապատասխանող դիտել, ինչպես բոլորիս է արդեն հայտնի, «Սիներջի» ընկերության մրցակցին, որպեսզի մրցույթը հաղթի «Սիներջի» ընկերությունը։ Նույն տրամաբանությամբ, ինչ ոչ չար նպատակով են այդ ընկերության աշխատակիցները օգնել, որ մրցույթից շպրտեն իրենց մրցակցին և արդյոք նրանք էլ շահ չեն ունեցել։ Հարցերի պատասխանները, վստահ եմ, Վահան Քերոբյանից բացի, բոլորիս պարզ են։



Ամենազարմանալին այն է, որ այս պարզ տեղեկատվության պայմաններում էլ, Վահան Քերոբյանը, ով չգիտես ինչու դեռ նախարար է աշխատում, համարձակվում է ասել, որ քանի որ մրցակիցներից մեկին մրցույթից ապօրինի եղանակով հեռացրել են ոչ թե Վահան Քերոբյանի տուն փող տանելու, այլ մյուս մրցակցին հարստացնելու համար, ուրեմն դա դեռ գողություն չէ։



Քիչ է, թե Վահան Քերոբյանը այսպիսի պատկերացում ունի գողության մասին, նա նույնիսկ կործանարար մտքեր է արտահայտում բիզնես միջավայրի մասին։ Եվ ուրեմն, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, վերևում նշածս կոռուպցիայի մասին խոսելիս, համարձակվում է խոսել նաև բիզնես միջավայրից ու ասել, որ հայտնի ընկերության տնօրենին ձերբակալելը ազդում է բիզնես միջավայրի վրա։ Մի կողմ թողնենք, որ հայտնի կազմակերպության տնօրեն լինելը ըստ Վահան Քերոբյանի՝ ձերբակալվելուց ու կալանավորվելուց անձեռնմխելիություն ապահովող հանգամանք է և ցանկացածը կարող է անել ինչ ցանկանա՝ հույսը դնելով իր հայտնիության վրա։ Կարևորն այստեղ այն է, որ Վահան Քերոբյանի կարծիքով բիզնես միջավայրի վրա ազդում է ոչ թե բիզնեսմենին մրցույթից «տշելը», այլ տշողին ձերբակալելը։



Մեզ մնում է հուսալ, որ Վահան Քերոբյանի կապերը բիզնեսի հետ, առիթի դեպքում, նրան ձերբակալելուն չեն խոչընդոտի․․․