Հետևեք մեզ։

«Ջեբկիրի» ալիբին ու Անդրեասյանի հերքումը

14:39, 12 փետրվար 2024
«Ջեբկիրի» ալիբին ու Անդրեասյանի հերքումը

Ինչպես արդեն հայտնել ենք, Դատական դեպարտամենտն արձագանքել է իր հայտնի տեսանյութի քննադատություններին։ Պարզաբանման մեջ դրված հերքումների մեծ մասը մանկական փոքրիկ ստերից ավելին չի հիշեցնում, ամոթալի է, երբ տեսնում ես, թե ինչերով է զբաղված մի ամբողջ դատական համակարգ փաստացի ղեկավարող Կարեն Անդրեասյանը հենց այն ժամանակ, երբ նույն համակարգում մեծից փոքր զվարճանում են իր վրա։

Մենք գիտենք իհարկե, որ Անդրեասյանի թեզերի ու դրանց հերքումների խզբզոցը բոլորի մոտ միայն հայհոյանք կամ բարձր ծիծաղ է առաջացրել, գիտենք նաև, որ նրա այդ մտքերը ցեխը մտցնելը ոչինչ չի փոխի ու նա հաջորդ անգամ էլ մի այդպիսի խելացի քայլ կանի։ Բայց և չանդրադառնալ դրանց, ուղղակի անհնար է.

Եվ այսպես․

Անդրեասյանը առաջին հերթին հերքում է, որ ԲԴԽ-ն կապ ունի տեսանյութի հետ ու պնդում, որ այդ 5 գործերը քրքրել ու դրանցով դատավորներին ներկա-բացակա է արել դեպարտամենտի մի ինչ-որ վարչություն, մի ուրիշ վարչություն էլ նկարել է չստացված ֆիլմն ու ցուցադրել։ Մի կողմ թողնենք, որ այս բարբաջանքի հեղինակը մոռացել էր, որ Հանրայինի եթերում հրապարակվել է, թե այդ 5 գործերի պատմությունը ուսումնասիրելն ու հրապարակելն իրականում իր հանձնարարությունն է և արձանագրենք, որ ըստ այդ նույն հեղինակի՝ Դատական դեպարտամենտում թքած ունեն 8 տարի քննվող բազմաթիվ այլ գործերի ու դրանց ձգձգումների պատճառների վրա ու դրանցով «կլիպ» չեն նկարելու։ Իսկ իրականում Կարեն Անդրեասյանին չի կարող հաջողվել որևէ մեկի խաբել, որ դատական դեպարտամենտի իր գործընկերները իր նման քաղաքականացված են ու զբաղվում են միայն այն բաներով, որոնցով Կարեն Անդրեասյանը կարող է «աչոկներ» հավաքել։

Բայց, այս հերքման ամենախորը իմաստն այն է, որ դրանով չափազանց բացահայտ է դառնում ոմանց ունակությունը՝ թաքնվել գործընկեր կանանց կրունկի տակ ու ամեն ինչ բարդել նրանց վրա։ Սեփական արածիդ համար ուրիշին որևէ, այդ թվում՝ բարոյական պատասխան տալ ստիպելը, ի գիտություն Կարեն Անդրեասյանի, երբեք չի ներվում։ Հակառակը, գործընկերներդ դրական առումով երբեք չեն մոռանա, եթե նրանց վրիպումը վերցնես քո վրա, մի բան, որ Անդրեասյանին հաստատ չի սպառնում։

Պարզաբանման երկրորդ կետում ԲԴՆ նախագահն իր ձեռամբ փորձել է հիմնավորել, որ տեսանյութում դատավորի աշխատանք չի քննադատվում, դրանում ներկայացված է դատական պրակտիկայի ամփոփման արդյունքը։

Սա ավելի քան սուտ է, որովհետև տեսնյութում ոչ միայն ներկայացվում է, թե որ գործով որքան է հետաձգվել նիստը և ում պատճառով, այլ արվում են վերջնական հետևություններ դատավորների մեղավորության մասին՝ նրանց լուսանկարների ցուցադրությամբ։ Տեսանյութի հետ «կապ չունեցող» Կարեն Անդրեասյանն առնվազն թույլ է տվել, որ Դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ, առաջ ընկնեն ԲԴԽ-ից, իրենց վրա վերցնեն ԲԴԽ-ի լիազորությունները, առանց քննարկելու հետաձգումների պատճառները, դրանց մի մասի հարգելիությունը կամ անհարգելիությունը, կոնկրետ ու հստակ հետևություններ անեն ու հանրության առաջ ցեխ շպրտեն դատավորների վրա կարճ ու կոնկրետ՝ «ձգձգումների պատճառը դատավորն է»։

Երրորդ թեզի հերքումներում, թե իբր տեսանյութում չեն գովաբանում մի դատավորի ու քննադատում մյուսին, պարզաբանման հեղինակը պատմում է, որ ներկայացնում են ճշգրիտ փաստեր ու դրանք ներկայացնում են ազնվորեն, որպեսզի թացը չորի հետ չխառնվի։ Անկեղծ ասած՝ պարզաբանումների այս հատվածում Կարեն Անդրեասյանի ոճական ներկայությունն այնքան շատ է, որ միանգամից ցանկություն է առաջանում բարևել նրան ։ Ի դեպ, խայտառակ կինոն նկարահանել տված ու այդ մասին հայտարարած, իսկ ապա դրա հետ իր կապը հերքած Կարեն Անդրեասյանը, պարզաբանման այս հատվածում իրեն գովաբանելով ազնվության ու ինքնահայեցողության համար, նույնը մաղթում է բոլորիս։

Այստեղ, իհարկե, ոչինչ չի մնում, քան այդ խորհուրդի հեղինակին շուտափույթ կրկին ապաքինում ցանկանալ։

Շարունակելով քննադատություններին անդրադարձը՝ պարզաբանման մեջ նշվում է, որ գործերին միջամտություններ չեն եղել, և մեծ հաշվով դատավորները նիստերն ավելի արագ են նշանակել՝ ընդհանուր կառավարումից հասկանալով, որ ԲԴԽ նոր նախագահը խիստ է։ Տողերի հեղինակը օրինակ է բերել Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը՝ որպես մյուս դատավորներին զգաստացնող օրինակ։

Թատրոնի այս հատվածում զվարճանալուց հետո հասկանում ես, թե ինչու մյուս դատավորներն իրականում նիստերն արագ չեն նշանակում։ Դե եթե դատավորներին պատժել-չպատժելու օրինակները գործերն արագ քննելու համար էական են, ուրեմն ամեն ինչ պարզ է․ դատավորներն, ամեն դեպքում, գործերն արագ չեն քննում, որովհետև ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը շատ ավելի երկար ձգձգումների համար չի պատժվել, քանզի նա գիտի՝ ում ինչպես մոտենալ և բացի այդ, Աննա Փիլոսյանը պատժվել է Ռուբեն Մելիքյանի կինը լինելու համար, իսկ իրենք Ռուբեն Մելիքյանի կինը չեն։

Պարզաբանման միակ կետը, որի հետ չի կարելի չհամաձայնել, այն է, որ տեսանյութը չի ճնշում դատավորներին։ Մենք համաձայն ենք, հիմարությունները դատավորներին երևի ճնշել չեն կարող ու տեսանյութը ընդհանուր պետական համակարգին վնասել է ավելի շատ նրանով, որ մարդկանց կտրել է լուրջ գործերից ու ստիպել սկետչ նայել․․․

Վերլուծական