Փետրվարի 10-ին Դատական դեպարտամենտը՝ նորաստեղծ «խոսնակների ցանցի» մասնակցությամբ, մի ռեպորտաժ էր պատրաստել, որում անդրադարձել էին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի գործերի քննությանը։ Ռեպորտաժի բուն էությունն այն է, որ այս գործերի քննությունը «ձգձգվում է», որովհետեւ գործը քննող դատավորները վատ են աշխատում, ուշացնում են մեղադրական դատավճիռները։ Կարճ ասած՝ ԲԴԽ-ն այս ռեպորտաժով Նիկոլ Փաշինյանի ընտրողների ու նախկինների վերջը ցանկացողների առաջ արդարանում էր, թե «Սերժն ու Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանն ու Լեւոն Երանոսյանն ինչո՞ւ մինչեւ հիմա նստած չեն»։
Ռեպորտաժի ողջ տրամաբանությունն այն է, որ գործերը քննող դատավորներ Աննա Դանիբեկյանն ու Հարություն Մանուկյանը վատ են աշխատում, դրա համար էլ մինչեւ հիմա չկա մեղադրական դատավճիռ, իսկ դատավորներ Մնացական Մարտիրոսյանն ու Արթուր Մկրտչյանը լավ են աշխատել, բայց դատավճիռներն ուշանում են մեղադրյալների առողջական վիճակի ու փաստաբանների պատճառով: Նման ռեպորտաժի պատրաստումն ինքնին վկայում է, որ ԲԴԽ-ն ու իշխանությունները շահագրգռված են այդ գործերի ելքով, ուստիեւ նման ռեպորտաժով փորձում են միջամտել այդ գործերի քննության ընթացքին։ ԲԴԽ-ի այդ ռեպորտաժին անդրադարձել են բազմաթիվ փաստաբաններ, նախկին դատավորներ ու իրավաբաններ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւս անդրադարձավ դրան՝ արձանագրելով, որ այդ ռեպորտաժով ԲԴԽ-ն ու իր աշխատակազմ Դատական դեպարտամենտը հեղինակազրկում են դատավորներին։
Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Դատավորների միությունը։ «Գտնում ենք, որ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցներին եւ դատական իշխանությանը` արդարադատություն իրականացնող դատարաններին, հրապարակայնորեն, պաշտոնապես հեղինակազրկող, քննադատական գործողությունների կամ անգործության կատարում վերագրելով ու մեղավոր ու անմեղ համարելով, ԲԴԽ-ին եւ վերջինիս աշխատակազմ Դատական դեպարտամենտին, այլ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցների, դատարանների, պետության եւ հասարակության օրինական շահերին պատճառվել է վնաս: Գտնում ենք, որ Կարեն Անդրեասյանի եւ նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման, եւ հրավիրում ենք նաեւ միջազգային գործընկերների ուշադրությունը, որի կապակցությամբ սույն հայտարարությունը կուղարկվի նաեւ վերջիններիս»,- ասված է միության տարածած հայտարարության մեջ։
Մեզ հետ զրույցում նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը հղում կատարեց միության հայտարարությանը՝ հավելելով, որ Կարեն Անդրեասյանին միայն մեկ խորհուրդ կարող է տալ․ «Ռեպորտաժի հետ կապված՝ ասելիք չի մնացել. բնականաբար, համաձայն եմ Դատավորների միության հայտարարության հետ, իսկ իրենց պաշտոնական հրապարակումներն ինքնին ամեն ինչ իրենց մասին ասում ու ապացուցում են, միակ բանը, որ կավելացնեմ, հետեւյալն է․ դատական համակարգի համար լավ կլինի, եթե Կարեն Անդրեասյանը դիմի օգնության, մասնավորապես իրավաբանական օգնության ու հատկապես քրեական իրավունքի մասնագետի»։
Նույն ռեպորտաժում դեպարտամենտը նաեւ կոչ էր անում դատախազությանը՝ դիմել արդարադատության նախարարություն, որպեսզի դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցեն, եւ քանի որ այդ վարույթները քննում է հենց ԲԴԽ-ն, ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, որեւէ դատավոր որեւէ մեկին հորդորի 3-րդ անձի դեմ հայց ներկայացնել, որը հետագայում ինքը պետք է քննի։
ԲԴԽ-ի այս ձեւակերպման վերաբերյալ նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն ասաց․ «Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով օժտված չէ վարույթ հարուցելու լիազորությամբ, օժտված են միայն նախարարը եւ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը։ Այս առումով հիմնավորվում է այն, որ, փաստորեն, ԲԴԽ-ն, միջնորդավորված, իրեն ենթակա կառույցի միջոցով փորձում է հիմքեր ստեղծել՝ դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու համար։ Ընդ որում՝ արդեն անթաքույց դիմում է տարբեր կառույցների, այդ թվում՝ իր մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանին, որպեսզի նա վարույթ հարուցի դատավորների նկատմամբ։ Արդեն ԲԴԽ նախագահն ինքն իրեն իրավունք է վերապահում դատավորներին պիտակավորել «լավ», «վատ», «միջին», «արագ քննող», «դանդաղ քննող» որակումներով, որոնք թվարկվում են այդ խայտառակ տեսանյութում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։