Հետևեք մեզ։

«Ջերմուկ»-ի արտադրության մեջ քացախաթթու չկա․ «Ջերմուկ Գրուպ»-ը՝ Ռուսաստանում հանքային ջուրը խմելուց հետո քաղաքացու մահվան լուրի մասին

19:01, 13 փետրվար 2024
«Ջերմուկ»-ի արտադրության մեջ քացախաթթու չկա․ «Ջերմուկ Գրուպ»-ը՝ Ռուսաստանում հանքային ջուրը խմելուց հետո քաղաքացու մահվան լուրի մասին

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Այնուհետև ռուսաստանյան ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, կերակրափողի այրվածք է ստացել, իսկ այսօր դրա հետևանքով մահացել։

Այս առնչությամբ Hayastan.news-ը պարզաբանում խնդրեց «Ջերմուկ Գրուպ»-ից, որտեղից հայտնեցին․«ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպի (կերակրափողի ենթադրյալ այրվածք) առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապատասխան խմբաքանակի նմուշի ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական հետազոտությունները փաստում են, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջուրը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերի պահանջներին։

«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործում։

«Ջերմուկ Գրուպ» ընկերության արտադրության մեջ օգտագործվում է բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։ Այդ նյութերի՝ ջրի մեջ ենթադրյալ մնացորդների քանակությունները, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունն, ըստ իրենց առկա բնութագրիչների, չեն կարող առաջացնել այրվածք, այդ թվում կերակրափողի։

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը լիովին բացառում է մեր գործարանում շշալցված «Ջերմուկ» բնական հանքային բուժիչ-սեղանի խմելու ջրի շշի մեջ քացախաթթվիառկայությունը՝ ելնելով նաև արտադրության փաստից, որ Ջերմուկի շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրության գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով։ Բացի այդ, 25000 շիշ/ժամ արտադրողականության դեպքում քացախաթթվի իբրև հայտնաբերումը մեկ շշի մեջ լիովին հակասում է ավտոմատացված արտադրության գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը»։

Ընկերությունից հայտնեցին, որ համոզված են, որ իրավապահների կոմղից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կբացառվի կապը «Ջերմուկ» ջրի և ՌԴ բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև։