Իշխանությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Անահիտ Մանասյանը, որը դեռևս զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, այսօր Ազգային ժողովում որևէ հարցի հստակ պատասխան չտվեց ու չկարողացավ ուղիղ գնահատականներ հնչեցնել, օրինակ, ԱԺ նախագահի՝ կանադահայ մեր հայրենակցի վրա թքելու փաստի, ՔՊ-ականների կողմից ընդդիմության ՄԻՊ թեկնածուի «լեզուն կտրելու» սպառնալիքների, հանձնաժողովի նիստում էլ կրկին չկարողացավ գնահատական տալ Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով հեռացնող ոստիկանության գործողությունների և այլ դեպքերի վերաբերյալ։
ՄԻՊ թեկնածուն բոլորին տալիս են ընդհանրական պատասխաններ՝ խուսափելով հստակ գնահատականներից։ Ի դեպ, նա չհերքեց, որ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի իր ներկայիս ղեկավարի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, այլ կերպ ասած՝ դատախազն ու ինքը ընկերուհիներ են։
Hayastan.news-ը հետաքրքրվեց, ինքը պատրա՞ստ է ուղիղ, անվանական հայտարարություն տարածել իր ընկերուհու՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ, եթե որևէ քաղաքացի դիմի իրեն ու ասի, որ անձամբ դատախազը կամ դատախազության որևէ այլ պաշտոնյա խախտել է իր իրավունքները։ Վարդապետյանի ընկերուհին չբացառեց, որ կանի հայտարարություն գլխավոր դատախազի դեմ, բայց իր խոսքը էլի ընդհանրական կերպով ձևակերպեց։ «Մի անգամ էլ շեշտեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բացառապես քննադատական հայտարարություններ չի ենթադրում, և երկրորդը՝ բնականաբար, պատրաստ եմ, եթե պատրաստ եմ եղել առաջադրվելու այս պաշտոնում»,-ասաց իշխանության ՄԻՊ թեկնածուն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ