Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռքբերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է կառույցին հատկացնել 23 մլն եվրո։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ԱԳՆ ներկայացրած նախագծից, որտեղ ասվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 քսաներեք միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով։
Հետագայում գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։ Ընդհանուր առմամբ, ըստ նոտարական գրասենյակից ստացված տեղեկատվության, ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։
Նախագծով առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում, որը կազմում է 2 մլն 300 հզր եվրո։
Հայաստանն ուզում է գնել Ֆրանսիայի նախկին նախագահի փարիզյան շինությունը․ որքան գումար կհատկացվի բյուջեից
22:41, 14 փետրվար 2024