Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում խոսել է միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ։
Անդրադառնալով Գազայում ստեղծված իրադրությանը՝ Էրդողանը ընդգծել է ինչպես Եգիպտոսի առաջնորդի, այնպես էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ բանակցությունների շարունակման կարևորությունը։ Էրդողանը նաև դատապարտել է Իսրայելի գործողությունները Ռաֆահ քաղաքում՝ դրանք անվանելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է սովորական բիզնես։
«Մենք ասել ենք, որ չենք կարող զիջումների գնալ մարդկանց անվտանգության հարցում։ Մտածեք, թե արդյոք կա որևէ բան, որը համապատասխանում է մարդկային արժեքներին, ռազմական իրավունքին, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին՝ ասելով, որ խաղաղ բնակիչներին «գնացեք այս տարածք, անվտանգ է», և հետո ռմբակոծեք այդ տարածքը: Մարդկությունը պետք է որքան հնարավոր է շուտ լսի այս աղաղակը։ Ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է կրում։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա։ Նրանք, ովքեր ստորագրում են այս ցեղասպանությունը, արդեն մեղավոր են հայտարարվել պատմության առաջ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը ափսոսանք է հայտնել խաղաղության կոչերի անարդյունավետության համար․
«Չնայած իրավիճակն այսպիսին է, մենք շարունակում ենք աշխատել հրադադարի և խաղաղության հասնելու ուղղությամբ, քանի որ այլ ելք չունենք»,- ընդգծել է նա։