Հետևեք մեզ։

Շուշիի շրջանի ոչ մի գյուղ չի անցել թշնամու վերահսկողության տակ. Շուշիի շրջվարչակազմի ղեկավարը հերքում է ադրբեջանական լուրերը

21:17, 04 ապրիլ 2023
Շուշիի շրջանի ոչ մի գյուղ չի անցել թշնամու վերահսկողության տակ. Շուշիի շրջվարչակազմի ղեկավարը հերքում է ադրբեջանական լուրերը

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդումն առ այն, որ իբր իրենց զինուժը Շուշիի շրջանում գյուղեր է վերցրել իր վերահսկողության տակ, իրականությանը չի համապատասխանում:

«Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին ասել է Արցախի Հանրապետության Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ապրիլի 3-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե, իբր, իրենց զինուժը մարտի 25-ին իրականացրած հատուկ գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցրել Արցախի Շուշիի շրջանի 2 գյուղ։

«Շուշիի շրջանի ոչ մի գյուղ չի անցել թշնամու վերահսկողության տակ։ Տեղանքին քիչ թե շատ ծանոթ մարդը գիտի, որ այդ տարածքում բնակավայր գոյություն չունի. չբնակեցված տարածք է, որտեղ դիրքեր են առաջ տվել: Սակայն պետք է նշեմ, որ թշնամին Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհահատվածի մոտ ունեցած դիրքային նոր առավելությամբ խզել է կապը Շուշիի շրջանի գյուղերի և Ստեփանակերտի ու Արցախի մնացած համայնքների միջև։ Շարունակ կապի մեջ ենք շրջանի բոլոր համայնքների ղեկավարների հետ: Բնակիչները շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով և իրենց առօրյա խնդիրներով, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ և Ստեփանակերտի հետ գրունտային ճանապարհի արգելափակմամբ»,- հավելել է Գ. Հովհաննիսյանը:

 

Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանն էլ ընդգծել է, որ նշված դիրքային առաջխաղացումը տեղի է ունեցել միջդիրքային տարածքներում, բայց դրա հետևանքով փակվել է միջհամայնքային կարևոր ճանապարհ, որի մասին բազմիցս նշվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբն էր հայտնել, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ: