Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում դեռևս 2016-ին սկսել էին կառուցել երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Եվ դեռևս այդ ժամանակահատվածից վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում էին, որ շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը:
Եկեղեցին 19-րդ դարի կառույց է, իսկ 1989 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Կովկասում ամենաբարձր գմբեթն ունեցող և մեծ եկեղեցին փլուզվել է, մնացել են փլատակներն ու եկեղեցու արևելյան պատը։
Hayastan.news-ին հայտնի է, որ հենց այդ ժամանակահատվածում՝ շինարարության մեկնարկից մեկ ամիս անց, Վիրահայոց թեմը գրավոր դիմել էր Վրաստանի հուշարձանների պահպանության ազգային գործակալությանը, Թբիլիսիի քաղաքապետարանին՝ խնդրելով պատշաճ միջոցներ ձեռնարկել, որովհետև ընթացող շինարարությունը վնաս էր հասցնում առանց այն էլ վթարային վիճակում գտնվող շինությանը:
Այդ ժամանակ Վրաստանի պատկան մարմինները Վիրահայոց թեմին չէին պատասխանել, և 2017-ի փետրվարին ևս Վիրահայոց թեմը նամակ էր գրել Կրոնի հարցերով պետական գործակալությանը: Եկեղեցու պահպանությունը Վրաստանի մշակույթի նախարարության, Հուշարձանների պահպանության ազգային գործակալության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության տիրույթում է։ Հայկական եկեղեցին Վրաստանի մշակութային կոթողների թվում է:
Վերջերս «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն ահազանգել է, որ 2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա սկսվել է բարձրահարկ հյուրանոցի շինարարություն, ինչը մեծ դժգոհություն է հարուցել հասարակության շրջանում, բայց, ցավոք, հասարակության արտահայտած մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունք չեն տալիս։ Կառուցվում է հյուրանոց, որը, եկեղեցու հիմքը վնասելուց զատ, լուրջ վտանգ է դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության պատճառով կորսվում է վերջինիս ճարտարապետական արժեքը։
2023 թվականի վերջին եկեղեցուն հարող ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, ըստ որի` տարածքը վաճառվում է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցին մոտ ապագայում հանրությանն անհասանելի կդառնա:
Սա եկեղեցու շուրջ ծավալվող աղմուկն է․ ավելորդ է հարցնել, թե ի՞նչ է անում հայկական կողմը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որովհետև հայկական կողմը Հայաստանում պատմական հիշողությունը ջնջելով է զբաղված, Թբիլիսիում հայկական հետքը հաստատ նրանց չի հուզի, բայց տեղին է հարցնել, թե իսկ ո՞ւր է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը։
Սմբատյանի անգործության, քաղաքական խաղերին առաջիկայում կանդրադառնանք, անդեմ դեսպանի ժամանցային հանդիպումներին՝ ևս։ Իսկ ինչ է անում այդ մարդն այս հարցով։ Այնքան հեշտ է արձանագրելը՝ ոչինչ։
Առհասարակ, դեսպանն ապահովում է զբաղվածության ֆոնը, այցելում է Վրաստանում կանանց թեմաներով միջոցառումների, այս կամ այն նկարչին է ընդունում, նկարվում, գնում է Կախեթի, լավ ընդունում են, անում է այն ամենն, ինչում խնդիր չկա, իսկ քաղաքական և լուծում պահանջող հարցերում ձկան պես լուռ է։
Այսպես, երբ նայում ես Սմբատյանի գործունեությանը, ապա տեսնում ես, որ 2022-ի դեկտեմբերին այցելել է Ջավախք և վերջ, դա նրա վերջին այցն է եղել, եկեղեցու մասին, առհասարակ Վրաստանում հայկական հուշակոթողների մասին հարց Սմբատյանի օրակարգում չկա։ Դա պարզ է դառնում նաև նրա հանդիպումից։ Օրինակ, 2023-ի նոյեմբերի 15-ին Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալներ Իոսեբ Բագատուրիայի և Քոբա Խուբունայայի հետ։ Քննարկել են հետևյալ հարցերն՝ ըստ պաշտոնական հաղորդագրության․ «Հանդիպմանը կողմերն անդրադարձան մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա խորը և բազմաշերտ կապերին՝ կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության հետևողական զարգացումը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախանշված մշակութային միջոցառումների և այլ ծրագրերի վերաբերյալ»։ Ի՞նչ մշակութային միջոցառում, մարտի ո՞ւթ․․․
Սմբատյանը տեղյակ չէ՞ր, որ 2016-ից վտանգի տակ է Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ ով է ասել, որ տեղյակ չլինելն արդարացում է, բայց, դեսպանի շրջապատը վստահաբար փոխանցում է, որ շատ լավ էլ տեղյակ է, պարզապես քաղաքականություն է որդեգրել չխոսել հարցերի մասին, որոնք ըստ իրեն՝ «Հայաստանին պետք չեն, Վրաստանին նյարդայնացնում են», համ էլ գլխացավանքի հավես չունի։ Ավելին, նա համատեղության կարգով Հունգարիայի դեսպան նշանակվելով, եզրակացրել է, որ ուրեմն դրանից առաջ մատուցած լուռ ծառայությունները խրախուսվում են։
Նրա՝ դեսպան նշանակվելուց հետո նախ կապն է նվազել հայ համայնքի հետ, միջոցառումների և ակցիաների ժամանակ դեսպանատնից արձագանք չկա, աջակցելու կամ նախաձեռնելու մասին խոսելն անիմաստ է։ Ավելին, Սմբատյանը, ըստ տեղեկությունների, ունի երկրորդ պլանում «նկարվող դերասաններ», որոնք ապահովում են հայ համայնքի հետ կապի տպավորությունները, իսկ հայաբնակ Ջավախքը, օրինակ, մոռացել է դեսպանատուն ունենալու մասին։ Բայց այս մասին հաջորդիվ։
Հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, սակայն հայկական կողմի վարած քաղաքականությունը՝ ծպտուն չհանել, ավելի լուրջ խնդիրների հաստատ բերելու է։ Մոռացված լինելու երազանքով տարված դեսպանին պետք է հիշեցնել, որ իր լինելը բացառապես օգուտ է իրեն, չլինելը՝ վնաս է բացառապես իրեն։ Ի՞նչ է հետաքրքրում Սմբատյանին․ նա Ջավախքում չկա, լեզվի հարցերում չկա, կրթական հարցերում չկա, փլուզվող եկեղեցու մասին լուռ է, հայկական միջոցառումներն անդեմ են, մասնակիցների շրջանակը նեղանում է։
Չնայած վերևում նշեցի, որ չլինելը բացառապես վնաս է իրեն, սակայն իր չլինելը կարող է օգուտ լինի մեզ, որովհետև, մի օր կարող ենք ասել՝ արձագանքող չենք ունեցել, դրա համար եկեղեցու այդ հարցին չեն արձագանքել։
Հայաստանի պետական պաշտոնյաներին Վրաստանում ինքնաթիռի մոտ դիմավորելու, դուռը բացելու համար պետք չէ մի ամբողջ դեսպանատուն պահել․ դուռը կարող է շվեցարը բացել, դիմավորելն էլ՝ վրացիները ևս չափազանց հյուրասեր են, նկարվելն էլ, որ Սմբատյանը կադրում չլինի, ոչինչ։
Հասարակական կազմակերպությունները այս եկեղեցու մասին խոսում են շուրջ ութը տարի, չհաշված մնացած հարցերը, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանը լուռ է, որովհետև այդ պաշտոնում սպասարկում է սեփական շահը։
Hayastan.news-ը գրավոր պարզաբանումենր կստանա Վրաստանի դեսպանատնից, ինչպես նաև Վիրահայոց թեմից և Մայր Աթոռից։
Բեթղեհեմ Արաբյան
Հայաստանը Վրաստանում դեսպան ունի՞
20:26, 18 փետրվար 2024