Հետևեք մեզ։

Ալիևի հետ հանդիպմանը մի կարևոր հարց կար դրված սեղանին․ Փաշինյանը մյունխենյան հանդիպումից մանրամասներ է հայտնել

00:56, 19 փետրվար 2024
Ալիևի հետ հանդիպմանը մի կարևոր հարց կար դրված սեղանին․ Փաշինյանը մյունխենյան հանդիպումից մանրամասներ է հայտնել

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի աջակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված՝ թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման և նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում: Ըստ էության, եթե  այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»,- մանրամասնել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա  արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հետո՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների:

«Ընդհանուր առմամբ՝ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել՝ պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումը կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը: Մենք մեր կողմից հաստատակամ ենք՝ այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու»,- ընդգծել է վարչապետը:

Նրա տեղեկատվությամբ՝  որոշվել է, որ արտգործնախարարների հանդիպումը պետք է վերաբերի Խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը: