1988 թվականի փետրվարի 20-ը շրջադարձային օր էր․ 36 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց Ղարաբաղյան շարժմանը։ 1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց:
1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:
Արցախյան շարժման հավաքների վայրը դարձավ Երևանի Թատերական հրապարակը, որը հետագայում անվանափոխվեց և դարձավ Ազատության հրապարակ։ Արցախում ազատագրական շարժման երթն սկիզբ առավ Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտից: Հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, պատվախնդիր երիտասարդներ Մայր Հայաստանին վերամիավորվելու կարգախոսներով շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ: Րոպեներ անց նրանց միացան գյուղատնտեսական տեխնիկումի եւ երաժշտական ուսումնարանի ուսանողներն ու դասախոսները: Նրանք ազատության դրոշը պարզած՝ ոգեշնչելով իրենց համակիրներին, նույնպես խանդավառված անդամագրվեցին հանրահավաքին: «Միացում».
Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը:
Այն ժամանակ, երբ Հայաստանում և Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքները, 1988 թվականի փոտրվարին 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կոտորեցին այնտեղի հայերին: Զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, իսկ մոտ 200 մարդ վիրավորվեց: Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազար հայ ազգաբնակչությունը արտագաղթեց Սումգայիթից: Հայերին կոտորելը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից: Իրավապահ մարմինները մի քանի օր մատնված են եղել անգործության: Երեք օր ուշացումով միութենական կենտրոնական իշխանությունը զորք մտցրեց Սումգայիթ: Զինվորները մեծ դժվարությամբ քաղաքից դուրս բերեցին հայ բնակչությանը: ԽՍՀՄ փորձում էր տեղի ունեցածը ներկայացնել, որպես մի խումբ խուլիգանների արարք: Սումգայիթում կազմակերպված ջարդերով ադրբեջանական իշխանությունները նպատակ ունեին հայ բնակչության մեջ վախ ու խուճապ ստեղծելով հայաթափել Ղարաբաղը, բայց այդ ժամանակ չստացվեց։
1988 թվականի մայիսին Երևանում ստեղծվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ն, որի կազմում էին Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը և ուրիշները: Կոմիտեն իր ձեռքը վերցրեց շարժման կազմակերպումը և ղեկավարումը: Շարժումը ղեկավարելու համար Արցախում ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն: Այս ծանր իրավիճակում տարին ավարտվեց Սպիտակի երկրաշարժով, բայց նպատակն ուժ էր տալիս հայ ժողովրդին առաջ գնալու համար։
1988-ին արցախցիների ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը, իսկ հետո նաև պատերազմը։ 1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին, դրանով իսկ մասնակիորեն ճեղքելով ԼՂՀ բազմամյա շրջափակումը:
1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը: