ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․
«Պատմության կողմից մեզ տրված-նվաճված «ծննդականը» փոխել չի հաջողվի
Գրեթե յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր «ծննդականը» (կան նաև ապօրինածիններ), որով ամրագրված է նրա պատմական հիշողությունն, ինքնությունը, հետագիծը, որոշ դեպքերում դրանով պայմանավորված անկախության նվաճումը և այլն:
Հանուն այդ «ծննդականի» եղել են ու դեռ կլինեն հակամարտություններ և պատերազմներ, հաղթանակներ ու պարտություններ:
Մինչ օրս շարունակվող 44-օրյա աղետաբեր պատերազմի հետևանքները, և տեղի ունեցողին մեր հանրության անհաղորդ լինելը փաստում են, որ հավաքական առումով մենք այդպես էլ չենք հասկանում թե ինչ է եղել, ինչ է կատարվում և դեպի ուր ենք գնում: Ապրում ենք ողբերգության մեջ՝ չգիտակցելով այն: Մեղմ ասած՝ ցավալի է, բայց փաստ:
Ազատ անկման ընթացքին հանրության չընդդիմանալը փաստում է նաև, որ հավաքական առումով այն չի գիտակցում, թե պատմական առումով որտեղ է ծնվել, ինչպիսի «ծննդական» է ստացել և, ի վերջո, ինչ պայմաններում է գեներացվել հայկականը՝ մշակույթը, փիլիսոփայությունը, պատմությունը, եկեղեցին, հավատամքը և, ի վերջո, հայի ով լինելը: Այդ ամենի մասին իրապես շատ ավելի քիչ բան գիտենք, քան մտածում ենք, այլապես սեփական երկրում չէր լինի այս լայնածավալ անքննելի տգիտությունը, բարոյահոգեբանական նողկալի անկումը և տեսակի նկատմամբ անսանձելի ատելությունը: Զավեշտն այն է, որ մենք կարող ենք տալ անգամ պատմությանը անհայտ մարդու կամ ժողովրդի նկարագիրը՝ անգամ խոսել վերջինին տրված «ծննդականից», բայց, երբ հերթը մեզ է հասնում՝ տեղի տալով ավանդական պոռոտախոսությանը և «կատարյալ լինելու հավկուրությանը» չենք կարողանում սահմանել սեփական ինքնության նկարագիրը և վերարժևորել մեր իսկ «ծննդականը», այլապես սեփական երկրում չէր լինի այս խավարամտությունը:
Լինելով «ծննդական»-ով ժողովուրդ, մենք ոչ միայն չենք զգում, այլև չենք գիտակցում մեր պետությունը՝ նրա առջև ծառացած սպառնալիքները, և այլևս վրա հասնող վաղվա նոր աղետի անդառնալիությունը:
ՀՀ օրվա իշխանությունները ուղղահայաց հրամայականով՝ արդի տեխնոլոգիաների գործադրմամբ (սոցցանցեր, հեռուստաալիքներ և այլն) և գրպանի՝ առանց մտքի մտավորականների ձեռամբ փորձում են պատմության կողմից «ծննդական» ստացած մի ամբողջ ժողովրդի համոզել, որ իրեն բաժին հասած բոլոր դժբախտությունների պատճառը հենց այդ «չարաբաստիկ ծննդականն» է. դրանով պայմանավորված օրվա հրամայականն են դարձրել հայկական պետության արդի Սահմանադրության, Զինանշանի, Պատմության դասագրքերի վերնագրերի և ոչ միայն, ու նման այլ կարևորագույն գործոնների վերանայման հարցերը:
Երբ քաղաքակարթությունները մի օր կանգնում են պատմության դատաստանի առջև, ապա սկսում է գործել՝ «երբ պատմությունից խնդրում ես «ծառայություն» մատուցել՝ փոխարենը այն դատավճիռ է կայացնում» բանաձևը:
Ողջամիտ կասկածներ ունեմ, որ մեր պարագայում, պատմության կողմից տրված «ծննդականը» փոխել չի հաջողվի. այն վաղեմություն չունեցող պատասխանատվություն է սերունդների առջև, դա կնշանակի նաև այդ նույն «ծննդականում» մեր պետության վախճանի արձանագրումը:
Այնուամենայնիվ, եթե անգամ ՀՀ իշխանությունները կարողանան կյանքի կոչել «պատմական անցյալի ուրացման սցենարը», գործնականում այն կխորացնի մեր շուրջ անվտանգային ճգնաժամը՝ ի սպառ ջլատելով մեր պետության ծվեն-ծվեն եղած դիմադրողականությունը: Բանն այն է, որ գործնականում, այսպես կոչված «պատմական անցյալի ուրացման սցենարը» հնարավոր չէ միակողմանիորեն կյանքի կոչել և շարունակել գոյատևել նույն տարածաշրջանում. այդ պատմական տարածաշրջանի մաս է նաև թուրք-ազերական գործոնը, և հետևաբար նրանք ևս պետք է հրաժարվեն պատմության կողմից տրված իրենց «ծննդականից», և դրանից հետո, ելքային հավասար դիրքերից սկսեն «նոր՝ խաղաղասիրական հարաբերություններ կառուցել» Հայաստանի հետ:
Փաստացի թուրք-ազերական կողմը կեղծ խաղաղության քողի ներքո տարբեր ձևերով վիճարկում է մեր ժողովրդի «ծննդականի» օրինականությունը և հավաստիությունը:
Թուրք-ազերական գործոնը շարունակում է սպառնալ մեր պետության գոյությանը, հայկական ինքնությանը՝ փորձելով մսխել կամ խեղել պատմության կողմից հայ ժողովրդին տրված-նվաճված «ծննդականը»:
Մենք իրավունք չունենք վիճարկելու մեր «ծննդականը», հակառակ դեպքում «պատմությունը կկայացնի իր դատավճիռը»:
Հ.գ. հանուն այդ «ծննդականի» հազարավոր նահատակներ ենք տվել, զրկանքներ և կորուստներ ունեցել, բայց և մաքառել ու փառահեղ հաղթանակներ թմբկահարել»: