Հետևեք մեզ։

Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է․ Արցախի ԱԺ նախկին նախագահ

11:38, 20 փետրվար 2024
Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է․ Արցախի ԱԺ նախկին նախագահ

36 տարի առաջ համազգային պոռթկում տեղի ունեցավ և սուր հարց էր դրված՝ Լեռնային Ղարաբաղի միավորումը Մայր Հայաստանին, և ազգը միասնական էր՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք։ Իրականում, որպեսզի մենք վառ և տաք պահենք Արցախի թեման, մենք պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Մենք ունենք տարբեր թեմաներ՝ վերադարձի մշակութային ժառանգության պահպանման, գույքի իրավունք, կան հարցեր, որոնք քաղաքական չեն, բայց բարձրաձայնելու ենք։   Արցախի ԱԺ-ն լուծարելու իրավունք մենք չունենք, այն մինչև 2025 թվականի մայիսի 21-ը գործելու է։ Օրենքներ չենք ընդունում, բայց որոշումներ և հայտարարություններ ընդունում ենք։ Մենք ունենք երկու ճանապարհ՝ հայրենասիրության ճանապարհն ու մյուսը՝ հաշվի առնել ներկա իրողությունները, ես գտնում եմ, որ պետք է ներկա իրողությունները հաշվի առնելով առաջ շարժվենք, որպեսզի վնաս չհասցնենք ՀՀ մեր հայրենակիցներին և Արցախի մեր հայրենակիցներին»,- ասաց Թովմասյանը։

 Անդրադառնալով արցախահայության վերադարձի թեմային՝ Թովմասյանը նշեց, որ դրա համար կարևոր են միջազգային երաշխիքները․ «Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»։

Հարցին՝ ինչ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, Թովմասյանն ասաց․ «Քանի որ ղեկավար պաշտոն չեմ զբաղեցնում, չեմ հանդիպել, բայց կարծում եմ, որ այս հարցազրույցներով նրանք լսում են»։