Հետևեք մեզ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Սամվել Շահրամանյանին ուղեցկող անձի վարքագիծը

14:51, 20 փետրվար 2024
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Սամվել Շահրամանյանին ուղեցկող անձի վարքագիծը

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր Ասատուր Ասլանյանի նկատմամբ արգահատելի, անթույլատրելի վարքագիծ է դրսևորել Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիսների միությունը․
 
«Լրատվամիջոցի աշխատակիցները Եռաբլուրում լուսաբանում էին Արցախյան շարժման մեկնարկի 36-րդ տարեդարձի օրը: Եռաբլուրի այցելուների թվում են եղել նաև Արցախի նախագահն ու նրա թիկնազորը:

Ի սկզբանե լրատվամիջոցի աշխատակիցները տեղեկացված են եղել, որ Սամվել Շահրամանյանը չի ցանկանում հարցազրույց տալ, և ընդամենը ուղիղ եթերում հեռարձակել են նրա այցը: Սակայն Արցախի նախագահին ուղեկցող անձն անգամ դա չի հանդուրժել և ուղիղ եթերում հայհոյել է կայքի օպերատորին և լրագրողին՝ փորձելով խոչընդոտել վերջիններիս աշխատանքը:
 
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման վարքագիծը: Լրագրողը պետք է կարողանա իր աշխատանքն անխոչընդոտ իրականացնել ցանկացած պարագայում, ցանկացած վայրում, եթե դրա համար չկան օրենքով սահմանված արգելքներ: Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը, առավել ևս՝ նրա հասցեին հանդես գալ անթույլատրելի բառամթերքով և հատկապես՝ հայերիս համար սրբազան այդ պանթեոնում:

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է բացառի նման իրավիճակի հնարավորությունը, պիտի կարողանա կառավարելի դարձնել իր շրջապատի վարքագիծը, քանի որ այդ միջադեպերն առաջին հերթին ստվերում են հենց իրեն՝ պաշտոնյային»: