Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ:
Գավառ կատարած այցի շրջանակներում դեսպանը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կողմերն անդրադարձել են ռուս-հայկական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղություններին, մասնավորապես կրթության և հաղորդակցության ոլորտում Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի մարզերի փոխգործակցությանը։
«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք դրական ենք գնահատում նրա ներդրումը միության և միասնական շուկայի զարգացման գործում»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների լուծմանը։
«Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ միասին Գեղարքունիքի մարզի 9 բնակավայրերի 260 ընտանիքի աջակցություն ենք ցուցաբերել։ Առաքվել է առաջին անհրաժեշտության 1000 լրակազմ»,- ասել է Վադիմ Ֆեֆիլովը։
Վահան Զարոյանը նշել է, որ մարզը Լեռնային Ղարաբաղից ընդունել է 6 հազար 800 մարդու։ Կառավարությունը շուտով կսկսի նրանց համար բնակելի համալիրի կառուցումը։ Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությանը համագործակցության համար և բարձր գնահատել իրականացվող բոլոր ծրագրերը։