Հետևեք մեզ։

Աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրել է օրակարգից հանել հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահներ ուղարկելու փաստաթուղթը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

22:58, 20 փետրվար 2024
Աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրել է օրակարգից հանել հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահներ ուղարկելու փաստաթուղթը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այդ մասին ասվում է "Международная жизнь" ամսագրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հրապարակած հոդվածում։

«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրել է օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ակնկալվող կնքման կապակցությամբ»,- նշել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ միևնույն ժամանակ Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ Նրա խոսքոբ՝ ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա: