Հետևեք մեզ։

13% եկամտահարկ վճարելու են ՌԴ-ում, 7%՝ Հայաստանում, բայց դեռ քննարկում է, որևէ տույժ, որևէ գործողություն չի իրականացվելու․ Բադասյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին

14:25, 21 փետրվար 2024
13% եկամտահարկ վճարելու են ՌԴ-ում, 7%՝ Հայաստանում, բայց դեռ քննարկում է, որևէ տույժ, որևէ գործողություն չի իրականացվելու․ Բադասյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին օրենքն ընդունվել է 2018-ից առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ  Ռուստամ Բադասյանը։

«ՊԵԿ-ը պարտավորություն է կրում իրականացնել հարկային վարչարարություն։ Երբ ԱՊՀ շրջանակներում՝ 2020-ին միանում ենք պայմանագրի, և նախորդ տարի մեզ էլեկտրոնային եղանակով գալիս է մեր քաղաքացիների ստացած եկամուտները, մեզ որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։ Բայց, քանի որ ոչ թե օրենքի կարգավորման, այլ արդարացիության տեսակետից հարց է բարձրացվել, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների վերաբերյալ որոշակի սահմանաչափով կարող են լինել արտոնություններ, որը ենթադրում է Հարկային օրենսգրքի փոփոխություն։ Այդ մասով մենք քաղաքականություն մշակող մարմնի՝ Ֆինանսների նախարարության հետ քննարկում ենք իրականացնում։ Հետևաբար, անհանգստանալու, քաղաքական ուժերի կողմից որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Մենք կքննարկենք, արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց Բադասյանը, հավելելով, որ հարկերից ազատումը բացառում է։

Նա պարզաբանեց, որ շատ երկրներում այդ օրենքը կա․ ռեզիդենտը իր եկամտից հարկ է վճարում թե իր ռեզիդենտ երկրում, թե ոչ ռեզիդենտ երկրում, գործում են կանոններ, որոնք կրկնակի հարկումն են բացառում։

«Այսինքն, եթե եկամտի աղբյուր երկրում վճարել ես որոշակի չափով հարկ, ապա այստեղ պետք է տարբերությունը վճարես։ Հիմա մենք իմանում ենք, թե մեր երկրի քաղաքացին օրինակ՝ Ռուսաստանում, Ղազախստանում ինչ  եկամուտներ է ստացել և ինչ դրույքաչափով է հարկվել։ Առաջին անգամ դա ստացել ենք 2023-ին, բնականաբար, հարկի վճարումը վերաբերում է հաշվետու տարուն՝ 2023-ին։ Բայց այս պահին ընթանում են քննարկումներ են, կնայենք հարցի ծավալը և այլն»։

Բադասյանն ասաց, որ եկամտահարկ է գանձվելու, ՌԴ-ում, օրինակ, 13 տոկոս է, Հայաստանում վճարելու են տարբերությունը, այսինքն ՝ 7 տոկոս էլ պետք է վճարեն Հայաստանին։

Բադասյանն ասաց, որ քանի դեռ քննարկում են կատարում, որևէ տույժ, որևէ գործողություն չի իրականացվելու։

 

ՊԵԿ-ը կնախաձեռնի քննարկումներ Հայաստանից դուրս աշխատողներին հարկելու թեմայի շուրջ