Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան «կոչ է արել Հայաստանին փոխել Սահմանադրությունը և հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։
Այս մասին նա ասել է փետրվարի 22-ին Բաքվում կայացած Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Գաֆարովան ասել է, որ Ադրբեջանի առաջարկը Հայաստանին` կարգավորել հարաբերությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր, հիմնված է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների վրա։
«Հուսով ենք, որ Հայաստանը զերծ կմնա սադրանքներից, կողմնակալ երրորդ կողմերի մասնակցությունից և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ՀՀ Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում արտացոլված պահանջներից և կշարունակի երկկողմանի ուղիղ բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ: Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության միակ ճանապարհը հարևանների հետ հարաբերությունների հաստատումն է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։