ՍԱՖԱՐՈՎ 2․ Հային սպանած և տեսանյութը սոցցանցերում տարածած բլոգեր և մարզիչ Քամիլ Զեյնալլին վերադարձել է Բաքու։ Նրա վզին թեև դափնեպսակներ չեն կախել, սակայն ընդունել են որպես հերոս, իսկ ադրբեջանական դրոշն ուսերին գցած մարզիչը ասել է, թե պատերազմ էր, շատերն են մասնակցել․․․
«Առյուծ, առյուծ որդին է գալիս, հերոսը»,-այսպիսի բացականչություններով են նրան դիմավորել ինքնաթիռից իջնելիս։
«Ադրբեջան վերադառնալու հույս չունեի։ Ես հետախուզման մեջ եմ ԱՊՀ երկրների կողմից և չեմ կարող գնալ այս կազմակերպության անդամ երկրներ»,-ասել է Զեյնալլին, ով Մոսկվայից գիշերը վերադարձել է Բաքու։
«Ես շնորհակալ եմ Իլհամ Ալիևին, Հեյդար Ալիևի Հիմնադրամին, նախագահի օգնական Անար Ալաքբարովին։ Ես կանոնավոր կապի մեջ էի ընտանիքիս հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլխավոր դատախազությանը, Ներքին գործերի նախարարությանը, Պետական անվտանգության ծառայությանը և ՌԴ-ում մեր դեսպանատան բոլոր աշխատակիցներին՝ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի գլխավորությամբ։ Նրանքինչեւ առավոտ չքնեցին։ Ինձ ասում էին՝ մի անհանգստացիր, երկիրը, ժողովուրդը քո կողքին է։ Լավ կլինի»,- ասել է նա։
Զեյնալլին իր խոսքում նշել է․ «Պատերազմ է եղել, մեզնից շատերը մասնակցել են։ Պատերազմի դաշտից դուրս արդեն․․․։ Որպես քաղաքացի մեր պարտքը տվել ենք հայրենիքին, տեսանյութեր են եղել ինչ-որ հայերի հետ․․․»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի ռուսական դատարանի առաջ։
Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հաղորդել էր, որ Զեյնալլիի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել սպանության հոդվածով։ Նրան առաջադրված էր մեղադրանք 4 հոդվածով։
Տարածվող տեղեկության համաձայն՝ նա 2020 թվականին գլխատել էր ազգությամբ հայ տղամարդու և այդ տեսանյութը հրապարակել սոցցանցի իր էջում։
Օրվա վերջում նրա փաստաբան Ալաքբար Գարաևը հայտնել էր, որ չնայած հայկական կողմը ծանր մեղադրանքներ էր առաջադրել Զեյնալլիին, սակայն ռուսական կողմը որոշում է կայացրել նրան ուղարկել Բաքու։
Հարկ է նշել, որ հայերի սպանության համար Ադրբեջանում սա առաջին դեպքը չէ, երբ արարքը և այն կատարած անձը հերոսացվում են։ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա, 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էր անգլերենի եռամսյա դասընթացների, դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Առավոտյան ժամը 5-ին Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել եւս մեկ հայ սպայի, սակայն այդ փորձը կանխվել էր: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը շատ չանցած վերադարձել է Ադրբեջան, իսկ հետագայում նրան շնորհվեց ներում, մայորի կոչում և տրվեց շքեղ բնակարան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից:
Տեսանյութն՝ այստեղ։
Դիանա Կարապետյան